Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, եթե ԲՀԿ-ն վերջնահաշվարկի արդյունքում չանցնի խորհրդարան,101 պատգամավորից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա՝ 64 մանդատ,«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ 29 մանդատ,«Հայաստան» դաշինքը՝ 12: Իսկ եթե ԲՀԿ-ն 5 մանդատով անցնի խորհրդարան, ապա այս համամասնությունը մի փոքր կխախտվի, ՔՊ-ի մանդատները կարող են նվազել երեք -չորսով:
Իշխող կուսակցությունն, այդպիսով, նոր խորհրդարանում չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, այս մասին ստորեւ կխոսենք դեռ: Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված վարույթը, մինչ այդ էլ նրա եւ նրա տիրապետած գույքի վերաբերյալ այլ վարույթներ տարբեր ասեկոսեների առիթ են դարձել առ այն, որ ԲՀԿ-ի հետ իշխանական բանակցություններ կան` խորհրդարանի ապագա քվեարկություններում իշխանությանը ԲՀԿ-ի աջակցելու վերաբերյալ, ու դրանից է կախված ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան, չնայած ԲՀԿ-ից ժխտում են մեծամասնության հետ համագործակցելը: Մի խոսքով` ընդամենը չորս տոկոս ստացած Ծառուկյանը դարձել է իշխանության եւ ընդդիմության խորհրդարանական պատկերի գծագրման գլխավոր գործոն:
Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունները արտացոլում էին Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը Հարավային Կովկասում` մասնավորապես այժմ առանցքային տարածք Հայաստանի համար: Այս առումով մեր տեղական ընտրությունները դարձել էին մրցակցող կողմերից հայ ընտրողի գլխին թափված թույլատրելի եւ անթույլատրելի տեխնոլոգիաների, հավաստի եւ անհավաստի տեղեկատվական զինատեսակների կիրառման փորձադաշտ` սկսած միջազգային աջակցման հայտարարությունների տարբեր ձեւաչափերից, վերջացրած ֆինանսական եւ այլ միջամտություններով: Ընտրություններին, փաստորեն, ազգովին մնացինք դրսից ու ներսից, ընդդիմությունից եւ իշխանությունից կիրառվող տեխնոլոգիաների տակ, որոնց արդյունքում միշտ թվում է, թե ընտրում ես, մինչդեռ ուրիշների պարտադրած սխեմաների մաս ես դառնում:
Ասել, թե մեր ընտրողը չէր հասկանում, թե ինչ է կատարվում` չի կարելի, չնայած պարզ մարդիկ կարող են չնկատել, չտարբերել: Բայց հավաքական բնազդի դրսեւորման իմաստով մեր ընտրողին շատ մեղադրել չենք կարող, քանի որ այդ տեխնոլոգիաներից շատերն աշխատեցին հենց դրանք կիրառողների դեմ` ապահովելով հայ ընտրողի բարձր մասնակցություն եւ ակամա հակադրվելն այդ տեխնոլոգիաներին: Միայն մեկը նշենք. երբ սկսեցին խոսել այն մասին, որ Ռուսաստանից մեծ թվով ընտրողներ են գալու` մասնակցելու ընտրությանն ու ռուսամետ ուժերից մեկի օգտին քվեարկելու, սա սասանեց Արցախի կորստով պայմանավորված հակառուսական տրամադրված ընտրողների անտարբերությունը, նրանք գնացին ընտրատեղամաս եւ այլընտրանք չունենալով` ընտրեցին իշխանությանը, այդպիսով նշան ցույց տալով, որ չեն հանդուրժելու դրսի ակնհայտ միջամտություն: Այդպես կարելի է մեկ առ մեկ թվել յուրաքանչյուր` մեր կողմից ֆիքսված տեխնոլոգիաների ազդեցությունն ու հակազդեցությունը, ընդ որում` վստահ ենք, որ դրանց վրա ամեն կողմից աշխատել են պրոֆեսիոնալների մեծ խմբեր` երեքհարյուր հազար ադրբջենցիների վերադարձի թեզից սկսած մինչեւ «պեռաշկի» ուտել, պրիմիտիվ հակագովազդներից մինչեւ բարդ մանիպուլյացիաներ: Ընդ որում` չի կարելի բացառել տեխնիկապես բարդ նախագծված ընտրական մանիպուլյացիաները երկու կողմից էլ, միայն ինչ արժե այն, որ ԲՀԿ-ի պահանջով մի քանի տեղամասերում իրականացվող վերհաշվարկի արդյունքում ավելանում են ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ ՔՊ-ի ձայները, իսկ այլ ուժերինը պակասում, սա կարելի էր նախօրոք գծագրել: Վարչական ռեսուրսի կիրառման մասին էլ որ ասում են`ես անկախ Հայաստանի բոլոր ընտրությունների ականատեսն եմ եղել ու վստահ կարող եմ պնդել, որ չի եղել գեթ մեկ իշխանություն, որ վարչական ռեսուրս չի կիրառել: Իշխանություն լինելով` ընտրության մասնակցելն արդեն իսկ սեփական հաշվին գրանցած վարչական ռեսուրս է:
Ամեն դեպքում` իշխանությունը չունի այն 70 մանդատը, որ նրան հարկավոր էր նոր Սահմանադրության ընդունման, սահամազատման թնջուկները լուծելու, խաղաղության, ԹՐԻՓՓ-ի համաձայնագրերի խորհրդարանական քվեարկության, գլխավոր դատախազի եւ այլ մի շարք այլ առանցքային պաշտոնների նշանակման համար: Վերջինը խնդիր է դառնալու նաեւ այն առումով, որ այդ պաշտոններում նշանակվող անձինք պետք է նաեւ ընդդիմության քիմքով լինեն, այդ առումով` ընդդիմությունը /կամ նրա հովանավորները/ կարող է նաեւ քվոտա պահանջել: Պատկերացրեք, եթե գլխավոր դատախազը կամ ԲԴԽ-ի, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարները ընդդիմամետ լինեն` ամեն օր օլիգարխներին պատժելու որոտ ու կայծակ թափող Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է անելու:
Ընտրությունների շեմը չհաղթահարած, բայց բարձր տոկոս ստացած կուսակցությունները, ինչպես օրինակ Արման Թաթոյանի, Գուրգեն Սիմոնյանի կուսակցությունները, քվեների ոչ անցողիկ, բայց ներշնչող թիվ ստանալու պատճառով մեր հարկերի հաշվին հինգ տարի շատ մեծ գումարներ կստանան բյուջեից:
ԿԸՀ նախնական արդյունքներն ավելի ճշգրիտ պատկերով այսպիսին էին` «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49,825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23,281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9,934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 տոկոս: Ընտրության մասնակիցների թիվը` 1 436 452 էր:
ԲՀԿ-ն խոսել է իր քվեները նվազեցնելու մասին եւ վերահաշվարկ է պահանջել, եւ ըստ նրա պատասխանատուների` արդեն իսկ կարող է հայտնվել խորհրդարանում: Բայց վերահաշվարկի արդյունքում կարծես թե ավելանում են նաեւ ՔՊ-ի ձայները, ճիշտ է` ոչ էապես:
Մի քանի փաստ առայժմ` մտորումների համար.
-Կես միլիոնից շատ ավելի ընտրող իր ձայնը տվել է ռուսամետ ուժերի/ազգային փաթեթավորմամբ/.
-ՔՊ-ն, որին դժվար է միանշանակ արեւմտյան կամ եվրոպական արժեքների ուժ համարել, ստացել է յոթհարյուր հազարից շատ ավելի քվե, բայց սահմանադրական մեծամասնություն չունի, ասել է թե` այդպիսի թիվ պահանջող քվեարկություններ չի կարող ապահովել: Իսկ միգուցե այդպես հարմա՞ր է, որովհետեւ օրինակ հանրաքվեների արդյունքները հենց այդպիսի մեծամասնությամբ են հաստատում պահանջում: Հիշենք` ովքեր են մեզնից հանրաքվե պահանջում. Պուտինը` ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու հանրաքվե է պահանջում, Ալիեւը` մեր Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու, իսկ այդպիսի հարցերի բարձրացումը, դրանց հաստատումը միայն սահմանադրական մեծամասնությամբ է հնարավոր: Ինչ համար է, չէ՞, այդպիսի մեծամասնություն չունենալու պատրվակով այդ պարտադրանքներից ազատվելը գոնե ժամանակավորապես:
-Կարո ՞ղ եք պնդել, որ խորհրդարանում ընդդիմափոխություն չի կատարվում ընտրությունների այս արդյունքներով, ու դոմինանտը չի դառնում մեկ ուրիշ ուժ, երկրորդական դերակատարման մղելով «Հայաստան» դաշինքին, այն, ինչ հարմար է նաեւ մեծամասնությանը, չնայած բովանդակային առումով բան չի փոխվում տասնյակ տարիներ գործող, դերաբաժանված համակարգի ներքին կոնտուրների սոսկ փոփոխության, իրականում` պահպանման առումով, եւ այս դեպքում թմբկահարված եռագլուխը հենց համակարգն է` մի գլուխն էլ իշխանությունը: Համակարգ, որն իր ներսում բաժանում է լծակները, փոխելով տոկոսային ուրվագծերը, բայց պահպանելով ընդհանուր պատկերը, ու դրա համար կուզեք տասնութ ուժով մասնակցեք ընտրություններին, թե հարյուրտասնութով`անօգուտ է: Այս նոր ընդդիմությամբ եւս հինգ տարի կարելի կլինի ողջ պաթոսով իրար սեւացնելով` իշխանություն պահել, ընդդիմություն խաղալ, արեւմուտքն ու ռուսները վաթսուն-քառասուն հարաբերակցությամբ ներկայացված կլինեն մեր խորհրդարանում` որոշումների վրա ազդեցության ա’յդ բացվածքով: Մեր քաղաքական համակարգի նորացումն ու աշխարհի ներկա պահանջներին հմապատասխանեցումը կհետաձգվի եւս հինգ տարով` խորհրդարանում միմյանց վրա գոռգոռացող իշխանության եւ ընդդիմության` մեր նյարդերը սղոցելու հաշվին:
Ընդդիմության` մանդատները վայր դնելու եւ փողոցային պայքար ծավալելու խոսակցությունը, որն այս պահին առկա է, եւս լուրջ չէ` նախ փողոցային պայքարը վաղուց սպառել է իրեն, մեր ժողովուրդն արդեն չի գնա փողոց երկար ժամանակ: Բացի այդ` ես նայում եմ ընդդիմադիր նոր ուժի ցուցակը` այնտեղ խորհրդարանական ամբիոն փափագող պոպուլիստները շատ են, նրանք չեն թողնի մանդատները չվերցնել: Բացի այդ` որոշումներ կայացնողներն այլ հաշվարկներ ունեն, ռուսներին Հայաստանը կենսականորեն հարկավոր է, եւ անկախ ռուս պաշտոնյաների ներկա ամենօրյա կոշտ հռետորաբանությունից, բոլոր առումնեով անընդունելի, մեր երկրի ներքին գործերին միջամտելու խոսույթից` Ռուսաստանը հազիվ թե կիրառի իր գազային, ելակային, ձկնային, ՀԱՊԿ-ից, եսիմ ԵԱՏՄ-ից հեռացնելու, մյուս սպառնալիքները, հո ինքնասպան չի՞: Թե բա` մրցակցային եւ բաց ընտրություններ, ԱՊՀ-ական դիտորդական գաստրոլներ, Պուտինը չի շնորհավորել-Արեւմուտքը, Թրամփը, Ռուբիոն, ֆոն դեր Լայենը, ֆլան-ֆստանը շնորհավորել են: Պուտինը կշնորհավորի, անպայման, դա իր երկրի շահերի տիրույթում է: Ու որ ասում են, թե խորհրդարան անցած ընդդիմությունը քննարկում է` վերցնել, թե չվերցնել մանդատները` դա հեքիաթի ժանրից է, նոր ձեւավորված ուժից քսանինն-երեսուն պատգամավոր լինելու են խորհրդարանում, հիմա երեւի ուրախությունից տրճիկ են տալիս:
Իսկ եթե ու հանկարծ ընդդիմությունը չվերցնի մանդատները, որը մենք հավանական չենք համարում` նշանակում է այնտեղ լավ չեն տիրապետում ոչ Ընտրական օրենսգրքին, ոչ Սահմանադրությանը, չվերցնելուց հետո սուրբ տեղը դատարկ չի մնալու, իսկ իշխող կուսակցությունը հարյուր տոկոսով դառնալու է դրության տերը:
Ի դեպ` վերջին հարցազրույցում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պատասխանելով սահմանադրական մեծամասնություն չունենալու պատճառով նոր Սահմանադրության չընդունման հնարավորությանը, ակնարկում էր, որ Սահմանադրության ընդունումը մարդկանց առաջնային իրավունքներից է, դա կարելի է անել 300 հազար ստորագրությամբ հարցը բարձրացնելով, ասել է թե` մեր օրենսդրությունը ունի հնարավորություն այդ հարցն այլ կերպ ընթերցելու:
Բայց ընդհանուր առմամբ` նոր խորհրդարանի ներկա պատկերը ցույց է տալիս, որ ոչ մեր ընդդիմությունն է ուժեղ եւ ազդեցիկ, ոչ իշխանության ձայնն է շատ բարձր, ու սա երկրով մտահոգների համար, առաջիկա բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու առումով, անհանգստության պատճառ է: Աստված գիտե, թե ինչ զարգացումներ կհետեւեն, արդյոք ընդդիմությունն այնքան հասուն կգտնվի՞` Հայաստանը հետընտրական զարգացումներով ավելի խորը չներքաշելու աշխարհաքաղաքական դիմակայության մեջ, իսկ իշխանությունն էլ իր անզիջում կոշտությամբ ներքին լարվածություն չի՞ հրահրի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.- Հրապարակումից հետո հայտնի դարձավ,որ ԿԸՀ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացրել «Ուժեղ Հայաստանը», սա միգուցե այն համատեքստում է, ըստ որի ընդդիմությունը պատրաստվում է դիմել ՍԴ` վիճարկելով ընտրությունների արդարացի ընթացքն ու ԿԸՀ արձանագրած արդյունքները, երեւի ՍԴ դիմելու համար լիարժեք իրավական հենքն ապահովելու համար: Ապա եւ ԲՀԿ-ն հայտարարեց, որ սկսում է քայլերի շարք`պաշտպանելու ընտրողի շահն ու արդարությունը, դիմակայելու իշխանության անօրինակություններին:Սա էլ հետեւեց ԲՀԿ պահանջով որոշ տեղամասերում վերահաշվարկին, երբ ավելանում էին այդ կուսակցության ստացած քվեները, իսկ ավելի ուշ ԿԸՀ-ն այդ տեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչեց` առանց վերաքվեարկություն նշանակելու: Փաստորեն` հետընտրական զարգացումներից չենք խուսափի:
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.
