ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած «Մշակութային տարվա» շրջանակում Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի միջև կնքված համագործակցության հուշագիրը տվել է հերթական ստեղծագործական արդյունքը:
«Կապույտ թռչուն» ներկայացման հաջողությունից հետո, կողմերը հանրությանն են ներկայացրել նոր նախագիծ: ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի բեմում կայացել է Պերճ Զեյթունցյանի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված «Մի՛ նայիր հայելուն» ներկայացման առաջնախաղը:
«Գեղեցիկն ու վեհը վերականգնելու միակ ճանապարհը սեփական հոգու մեջ նայելու քաջությունն է…»։
Այս խորհրդանշական գաղափարն էր ուղեկցում ողջ ներկայացումը՝ հանդիսատեսին մղելով ինքնաճանաչման, խղճի և մարդկային արժեքների վերաիմաստավորման։ Ներկայացման բեմադրիչը դպրոցի ԿԱԴԱՀ, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ելենա Կարապետյանն է:
Վերջինիս մասնագիտական վարպետության և ստեղծագործական նվիրումի շնորհիվ բեմում կենդանացել է մի աշխարհ, որտեղ մարդն առերեսվում է սեփական ճշմարտությանը, վախերին ու խղճին։ Ներկայացման հաջողության գլխավոր գրավականներից մեկը դերակատարների՝ դպրոցի սովորողների և շրջանավարտների անկեղծ ու պատասխանատու խաղն էր:
Նրանց միասնականությունը հոգեբանական խորություն ու առանձնահատուկ հուզականություն հաղորդեցին բեմադրությանը: Այս ստեղծագործական նախաձեռնության կայացման գործում անկյունաքարային էր դպրոցի տնօրեն Նաիրա Մանվելյանի մշտական աջակցությունն ու հետևողական վերաբերմունքը, ինչը ևս մեկ անգամ փաստում է կրթության և մշակույթի միավորման ուժի հանդեպ ունեցած մեծ հավատը:
Մշակութային այս իրադարձությունը համախմբել էր ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների:
Այս բեմադրությունը դարձավ ԵԹԿՊԻ-ի և հ. 155 հիմնական դպրոցի արդյունավետ գործակցության հերթական վառ ապացույցը՝ վկայելով, որ կրթությունն ու մշակույթը համատեղ կարող են ձևավորել մտածող, ստեղծագործ և արժեքային ամուր համակարգ ունեցող սերունդ։








