«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննչական մարմինները տապալվել են դատարաններում․ Ալեքսան Ալեքսանյանի գործով «Ուժեղ Հայաստան»-ի 37 համակիրների կալանավորման միջնորդությունները դատարաններում մասսայաբար մերժվել են, ընդ որում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, այսինքն, քննիչներն անգամ նվազագույն շեմը չեն կարողացել ապացուցել դատարաններում։
Ներկայացված միջնորդություններից ընդամենը մի քանիսն է դատարանը բավարարել։ Քննչական կոմիտեն այս պահին զերծ է մնում մեկնաբանություններից, միջնորդությունների բավարարման պաշտոնական թիվ ասելու համար գրավոր հարցում են պահանջում, դատախազությունից ևս զերծ են մնում մեկնաբանություններից։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ վաղ առավոտից ավելի քան 50 հասցեներում խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության, «Մեր ձևով» հիմնադրամի աշխատակիցների բնակարաններում, ինչպես նաև՝ գրասենյակներում։ Ի սկզբանե ծրագրվում էին խուզարկություններ նաեւ պատգամավորության թեկնածուների բնակարաններում, ինչից հետագայում ձեռնպահ են մնացել։







