Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ոչ մի կտրուկ գործողություն չենք անելու։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ՝ բառիս բուն իմաստով։, այսօր Շնողում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս Ռուսաստանի Դաշնության նախագահն ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ ունեցել է։ Այս ընթացքում մենք ավելի քան 200 հեռախոսազրույց ենք ունեցել։ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ ևս շատ ջերմ ընկերական հարաբերություններ ունենք։ Եվ ընդհանրապես Ռուսաստանի նկատմամբ մեր վերաբերմունքը շատ ջերմ է։
Այստեղ խնդիրն այլ տեղ է։ Մեր ընդդիմությունն ասում է՝ Ռուսաստանի հետ հավասարը հավասարի հետ հարաբերություններ…ժողովուրդ ջան, լավ, եկեք բան չանենք էլի, հումորը հումոր, բայց հումորն էլ…Ռուսաստանը գերտերություն է, և Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերվում։ Եվ ես այդպես էլ վերաբերվում եմ ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Ռուսաստանի նախագահին և Ռուսաստանի կառավարության ղեկավարին։ Բայց ես նրանց մի բան եմ ասում. ասում եմ, որ մենք Ռուսաստանի շահերին վնասելու համար երբեք չենք արել ոչ մի բան ու չենք էլ անի»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա միաժամանակ ընդգծեց՝ ՀՀ իշխանություններն ամենայն հարգանքով են վերաբերվում Ռուսաստանի շահերին։
«Բայց, կներեք, մենք չենք կարող Ռուսաստանի շահին ավելի բարձր վերաբերվել, քան Հայաստանի Հանրապետության շահերին։ Սա լեգիտիմ դիրքորոշում է, և մենք հետևում ենք Հայաստանի շահերին և հակասության, հակադրության, էլ չեմ ասում լեզվակռվի, բանավեճի մեջ չենք մտնելու Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվելու է»,- ասաց Փաշինյանը։








