Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան եւ անցկացվող Ռուսաստանի ժողովուրդների միասնության տարվա շրջանակում:
Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 50 ցուցանմուշ Ղրիմի ազգագրական թանգարանի հավաքածուից, որոնք բնութագրում են հայ ժողովրդի նյութական ու հոգեւոր մշակույթը: Ներկայացված են Ղրիմի կրոնական կառույցների եւ խաչքարերի լուսանկարներ, պղնձե սպասքի հավաքածու, զարդեր, ավանդական հագուստ եւ երաժշտական գործիքներ:
Բացման խոսքով հանդես է եկել Ղրիմի ազգագրական թանգարանի տնօրեն Յուրի Լապտեւը, որն ընդգծել է ցուցահանդեսի կարեւորությունը հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի պահպանման, ինչպես նաեւ թանգարանային հավաքածուի արժեքը՝ որպես հայկական ժառանգության արտահայտություն:
Պատմական «Ղրիմի հայեր» ակումբի ղեկավար, հայ մշակույթի ազգագրական կենտրոնի հիմնադիր Թիմուր Յանը թանգարանին է նվիրել իր եւ Տաթեւիկ Սարգսյանի աշխատասիրած «Մինաս Կարայանի հուշերը. «Ղրիմի հայերը»» ռուսերեն գիրքը եւ Կարասուբազար (այժմ՝ Բելոգորսկ) քաղաքի հայերի կյանքին նվիրված եզակի լուսանկարներ: Երաժշտական նվեր է մատուցել Մետաքսի Հովհաննիսյանը, որը կատարել է մի քանի երգ հայոց լեզվով:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Բելոգորսկի շրջանի մշակութային հաստատությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ, շրջանային խորհրդի ներկայացուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ քաղաքի բնակիչներ:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2026 թվականի հուլիսի 23-ը:
Ա. Բ.









