Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքությանն ու Թուրքիայի հայ համայնքին ուղերձ է հղել, որն ընթերցվել է Ստամբուլի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի պատարագի ժամանակ։
Ինչպես հաղորդում է «Ակոս» պարբերականը, ուղերձն ընթերցել է պատրիարքական փոխանորդ Գրիգոր քահանա Տամատյանը։
Ամեն տարվա նման՝ Էրդողանն այս անգամ էլ ուղերձը սկսել է նույն տողերով՝ նշելով․ «Այս տարի ևս հարգանքով հիշում եմ Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանցի հայերին ու ցավակցություններս եմ հղում նրանց թոռներին»։
Թուրքիայի նախագահը նշել է, թե Օսմանյան կայսրության անկման ընթացքում «օկուպացիաների, բախումների, ապստամբությունների, հրոսակների գործողությունների, հիվանդությունների պատճառով օսմանցի ժողովուրդները մեծ ցավ են ապրել»։
«Դժբախտաբար, մեծ ցավ ապրեցին նաև օսմանյան քաղաքացի հայերը, ովքեր ապրել են Օսմանյան կայսրության տիրապետության ներքո ու արժեքավոր ներդրում ունեցել տարբեր ոլորտներում»,- նշել է Էրդողանը՝ պնդելով, որ «Թուրքիայի Հանրապետությունը կարողացել է առանց այդ ցավերը մոռանալու հասկանալ, թե ինչպես դրանք հաղթահարել»։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենք ձգտում են ապագա սերունդների համար թողնել այնպիսի ժառանգություն, որտեղ «ճշմարտությունը կապում են խղճի, այլ ոչ թե վատ հիշողությունների հետ»։
«Որպես 86 միլիոնանոց երկիր՝ միասին ենք կառուցելու մեր ապագան ու այն ժառանգությունը, որ թողնելու ենք մեր թոռներին։ Այս մտքերով, կրկին կիսում եմ հայ հասարակության՝ անցյալում ապրած ցավերը և ևս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում զոհված օսմանյան բոլոր քաղաքացիների հիշատակը»,- ասվում է Էրդողանի ուղերձի եզրափակիչ մասում։









