Քրեակատարողական ծառայության պետի որոշմամբ հոգևորականների մուտքն ազատազրկման վայրեր արգելելը վկայությունն է այն բանի, որ ՀՀ գործող վարչակազմը շարունակում է Առաքելական եկեղեցու արտամղումը հասարակական և պետական կյանքի բոլոր ոլորտներից, Եկեղեցու իրավունքների ոտնահարումը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց աստվածաբան, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
«Ես իշխանությունների ներկա որոշումը կգնահատեմ որպես նախկինում եղած գործողությունների իներցիոն շարունակություն։ Մենք նկատել ենք, որ նախընտրական շրջանում նվազել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական դրսևորումները։ Դա ոմանք կապում են այն հանգամանքի հետ, որ մինչ այս եղած հակաեկեղեցական ոտնձգությունները ձախողվել են, սակայն սա ժամանակավոր և անկայուն հրադադար է՝ նոր, շատ ավելի համակարգային սպառնալիքներին ընդառաջ։
Որովհետև հասկանալի է, որ ներկայիս վարչակազմն, օգտագործելով պատերազմի շանտաժը, առաջ մղելով նախկիններով վախեցնելու և այլ կեղծ օրակարգերը, մեծ հույս ունի գալիք ընտրություններում հաղթելու։ Մենք տեսնում ենք, որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում առկա են Առաքելական եկեղեցու դեմ ոտնձգությունների, Եկեղեցին բռնագրավելու, դրա բովանդակությունը ներքուստ խեղելու դրույթները, հետևաբար բոլորը պետք է քաջ գիտակցեն՝ եթե Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին հաջողվի առաջիկա ընտրություններին հաղթանակ տանել, ապա առաջին զոհերից մեկը լինելու է Հայոց եկեղեցին»,- նշեց աստվածաբանը։
Ըստ Ալեքսանդր Քանանյանի՝ ՔԿՀ-ներ հայ հոգևորականների մուտքն արգելող որոշումը խիստ դատապարտելի է, սակայն առավել արմատական խնդիրների կբախվենք, եթե հունիսին կայանալիք ընտրություններում գործող իշխանությունները վերարտադրվեն։
Մեր զրուցակիցը միաժամանակ չբացառեց, որ դատապարտյալներն իրենց բողոքի ձայնը բարձրացնեն ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի որոշման դեմ, և հոգևորականների մուտքն արգելող որոշումը չեղարկվի։
«Կարծում եմ՝ իրավապահ համակարգը վերահսկողության բավարար լծակներ ունի լռեցնելու ՔԿՀ-ներում այդ հարցի վերաբերյալ դժգոհությունը, բայց եթե դատապարտյալների կողմից բողոքներ լինեն, և դրանք լինեն հանրային, կարող են որոշիչ լինել։ Ամեն դեպքում, ինձ թվում է՝ իրավիճակն առկախվելու է մինչև ընտրություններ, և եթե ընտրություններում Փաշինյանին հաջողվի պահպանել իր հայաստանակործան իշխանությունը, ապա մենք ականատես ենք լինելու շատ ավելի ողբերգական իրադարձությունների՝ անխտիր բոլոր ոլորտներում»,- ամփոփեց Ալեքսանդր Քանանյանը։
Հիշեցնենք, որ Մայր Աթոռն օրերս հայտարարություն էր տարածել այն մասին, որ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքն ազատազրկման վայրեր։
«ՔԿԾ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում»,- նշված էր հայտարարության տեքստում։









