Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը մարտի 6-ին X-ում գերմանական ԶԼՄ-ներին ցուցում էր տվել՝« Ադրբեջանի այս հին շրջանի ճիշտ անվանումը Naxçıvan (Nachtschiwan) է, ոչ թե Nachitschewan: Խնդրում եմ գործածել դրա ճշգրիտ անվանումը»: Նախկինում «բարեկամական» նման հրահանգ հրապարակավ չէր ներկայացրել Բաքվի գրաքննիչը, բայց Իրանից անօդաչուի հարվածը գերմանական, նաեւ համաշխարհային մեդիայում վերնագիր էր դարձրել «Նախիջեւան» հայանուն ձեւը, բանավոր հնչմամբ էլ անընդհատ վերակնքվում էր հնամենի տեղավայրի հայապատկան լինելը, որ Աղաեւին երկյուղ էր պատճառել: Եթե հավելենք, որ գերմանական մամուլում ԼՂ -ի կողքին Արցախ ձեւի կիրառումը հաճախադեպ է դարձել 2023-ից հետո, («Ազգում» գրել ենք 2020-ի սեպտեմբերի 27-ից հետո, նաեւ անդրադարձել ենք «Ազգի» 07.11.2025-ի հոդվածում), ուրեմն աշխարհագրական անվամբ էթնիկ շեշտադրման վտանգն է զգում ֆաշիստական երկրի դեսպանը, եւ անհիմն չէ վախը: Աղաեւի վերադաս սուլթանը՝ ինքնավարություն բառի թշնամին, վերջերս փոխել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանադրությունը, կենտրոնաձիգ իշխանության ձգտումով ուզում է վնասազերծել իր խնամակալությանը հանձնված տարածքը՝ Թուրքիայի եւ Իրանի տնտեսական ազդեցության, նաեւ՝ Հայաստանի հետ ռազմական, իրավապայմանագրային հնարավոր եւ հեռահար ականներից:
(1990թ. հունվարի 19-ին Հեյդար Ալիեւի ղեկավարած Նախիջեւանի ԻԽՍՀ ԳԽ նախագահությունը որոշեց, որ «Նախիջեւանի ԻԽՍՀ-ն դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից, դառնում անկախ հանրապետություն»՝ վկայակոչելով Կարսի պայմանագիրը: ՀՅԴ կառավարությունը Թուրքիայի հետ պայմանագրով Նախիջեւանի տարածքը թողեց երրորդ պետության՝ Ադրբեջանին: Պայմանագիրն ամրագրվեց Մոսկվայում եւ Կարսում: 1923-ին Նախիջեւանը ինքնավար միավոր էր, 1924-ին վերակազմվեց Նախիջեւանի ԻԽՀ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում):
«Իրանի դեմ սկսված պատերազմից հետո, Ալիեւի հրահանգով, Նախիջեւանի ինքավար հանրապետության սահմանադրության նախաբանից հանվել են Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները՝ ամրագրելով «Նախիջեւանը Ադրբեջանի հանրապետության անկապտելի մասն է» ձեւակերպումը, ֆբ-ում գրել էր Հրանուշ Խառատյանը՝ մանրակրկիտ անդրադառնալով խնդրո առարկային, որ տարբեր մասնագետների՝ պատմաբանների, իրավաբանների, քաղաքագետների ուշադրության առանցքում պիտի լինի՝ հետագա հոդվածների նյութ:
Դառնանք Բեռլինում Բաքվի գրաքննիչին: Աղաեւը հրապարակային որեւէ բան չէր գրել 2024-ի դեկտեմբերին, երբ գերմանագիր երկու հեղինակ Նախիջեւանի մասին հոդված էին հրատարակել՝ հայկականի մասին ակնարկելով: Հարմար պահը՝ թայմինգը կարեւոր է, հիմա է, բայց մարտի 6-ից հետո էլ գերմանական մեդիան Նախիջեւան բառի մեջ ո՛չ տառ է փոխել, ո՛չ հնչյուն: Եւ ամենապարադոքսալը՝ «Ազերթաջի» գերմաներենն էլ Նախիջեւան է գրում:
2024 թվականի դեկտեմբերի 15-ին գերմանական «Վելթը» վերնագրել էր՝ «Հիշեցնում է Մաչու Պիչուն, բայց 1000 տարով ավելի հին է»: Հեղինակ Բեթթինա Զայփփի (Bettina Seipp) հոդվածի սկզբում լուսանկարին կից մակագրություն կա՝ «Հայերը կովկասյան Ալինջագալա ամրոցի (Երնջակաբերդի հիմնաքարը- Ան. Հ.) դրել են մ.թ. 4-րդ դարում»: «1600 աստիճան է տանում դեպի Նախիջեւանի այդ ամրոցը, որ հիշեցնում է Պերուի հայտնի ավերված քաղաքը: Ադրբեջանի էքսկլավը զարմացնում է նաեւ այլ անսովոր առանձնահատկություններով՝ եթե Նախիջեւան ես եկել իբրեւ զբոսաշրջիկ, մեծ մասամբ անտեղյակ կմնաս դրա հակամարտություններով լի փոթորկալից պատմությանը: Անդրկովկասի Շվեյցարիա են անվանում այս տեղանքը, որի ամենաբարձր (3904 մ) գագաթը Կապուտջուղն է (գերմաներեն տեքստում՝ ՝Kaputdschugh):Նախիջեւանում ադրբեջանցիները առանձնահատուկ խնամում են մշակութային ժառանգության այն մասը, որը թյուրքական ժողովուրդների հետ կապ ունի: Նրանցից մի քանիսը 11-րդ դարում Կենտրոնական Ասիայից գաղթել են Կովկաս, պայքարել հիմնականում տեղում վաղուց հաստատված հայերի հետ՝ գերիշխանության համար: Նախիջեւանում 400,000 բնակիչների մեջ այլեւս հայեր չկան, նրանք 19-րդ դարում կազմում էին բնակչության 40 տոկոսը: Նոյ նահապետին վերագրվող՝ աշխարհում հայտնի 4 դամբարանների մեջ Նախիջեւանում գտնվողը բառացիորեն առանձնահատուկ դիրք է զբաղեցնում: Եթե նախիջեւանցիների պնդումը ճիշտ է, թե փայտե մեծ նավակը խրվել է 2415 մետր բարձրությամբ Իլանդաղ (Օձասար, Վիշապասար- Ան.Հ.) լեռան գագաթին: Եվ նույնիսկ եթե Նոյն իրոք ոտք է դրել ցամաքի՝ ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռան վրա, Ադրբեջանի զբոսաշրջության պաշտոնյաները պնդում են, որ մարգարեն եւ նրա ընտանիքը հետագայում ապրել են Նախիջեւանում: Նրանք երկրի անվանումը կապում են հին պարսկերեն բառերի հետ՝ Նախ՝ Նոյ եւ Չիվան՝ վայր, հետեւաբար՝ «Նոյի վայր»: Հնարավոր է նաեւ, որ Նախիջեւան բառը ծագել է հայերեն՝ «վայրէջքի վայր» բառերից: Բոլոր հայկական եկեղեցիները քանդվել են Նախիջեւանում: Հայապատկան 89 եկեղեցի, ըստ երեւույթին, վերաօգտագործվել կամ քանդվել է վերջին 30 տարիների ընթացքում: Պատմաբան Արգամ Այվազյանը, փաստաթղթավորել է Նախիջեւանի քրիստոնեական պաշտամունքի բոլոր վայրերը՝ 1964- 1987 -ին: 2008 -ին հրատարակված «Նախիջեւանի հուշարձանների հանրագիտարանն» այլեւս ոչ մի եկեղեցի չի թվարկում: Ագուլիսում (այժմ՝ Այլիս) 12 եկեղեցի կար. այսօր միայն մզկիթներ են մնացել»:
Նկատելի է, որ «Վելթը» նախապատվություն է տվել հայկական անվանաձեւերի կիրառմանը: Թերթը գրում է, թե «Նախիջեւանն իր մեկուսացված դիրքը վերածել է առավելության, լիովին ինքնաբավ է, եւ դա է պատճառը, որ BBC-ին գնահատել է՝որպես «Աշխարհի ամենակայուն վայրերից մեկը»: Հացահատիկ, միրգ, բանջարեղեն, միս, ձուկ, գարեջուր, գինի ինքնուրույն է արտադրում՝ առանց թունաքիմիկատների, կենտրոնանալով օրգանական սննդի վրա»: Որքան էլ արտառոց հնչի, սակայն ըստ «Վելթի»՝ սննդի մշտական մատակարարումն ապահովագրում է՝ «եթե Հայաստանը կրկին մեկուսացնի տարածաշրջանը երկրի մնացած մասից, ինչպես դա արեց ԽՍՀՄ փլուզումից հետո»:
Նախիջեւանի մասին հաջորդ հոդվածը՝ «Ազգի» առաջիկա համարում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Երնջակաբերդի լուսանկարը՝ «Վելթի»:





