Թուրքական դեմոկրատիան նորանոր նվաճումներ է արձանագրում, ուսանելի դասեր` բոլոր բռնապետերին ու բռնապետիկներին: Այս օրերին Ստամբուլում դատական գործ է ընթանում նույն քաղաքի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի եւ քաղաքապետարանի նախկին աշխատակիցների դեմ, թվով` շուրջ 400 հոգի, բոլորին էլ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեղադրանքով: Հարուցված գործերն այնքան շատ են, որ եթե դատարանը դրանք հաստատի ու վճիռ տա համապատասխան հոդվածներով, ապա, ասում են մասնագետները, Իմամօղլուին սպասում է ընդհանուր` 2030 տարվա ազատազրկում:
Բանն այն է, որ Իմամօղլուն համարվում է Ռեջեպ Թայիբ Էրդողանի գլխավոր մրցակիցը նախագահական առաջիկա ընտրություններում: Մի քանի տարի առաջ էր գործող նախագահը նրան պաշտոնազրկել եւ ձերբակալել տվել նույն` կոռուպցիոն մեղադրանքով, իսկ այժմ նա դատվում է, ինչպես ասվեց, 400 օգնականների, աշխատակիցների եւ աջակիցների հետ, դատ` որը կարող է տեւել տարիներ, ինչը առավել ձեռնտու է Էրդողանի համար. հակառակորդը որքան երկար մնա ճաղերի ետեւում` այդքան լավ:
Ահա՛ թե ումից պետք է դաս առնի Նիկոլ Փաշինյանը, որը զբաղված է, ի տարբերություն իր բարեկամի, մանր-մունր գործերով` մի բարեգործ, 3-4 արքեպիսկոպոս, 1-2 իրավաբան, մի քանի սարկավագ-մարկավագ: Այ տղա, սովորիր ուստայից, որին այնքան սիրում-հարգում ես: Սովորիր, թե ինչպես է նա պատրաստվում առաջիկա հոկտեմբերին կայանալիք ընտրություններին, մինչդեռ դու նստել ես անգործ, այն էլ՝ հունիսին մի քանի ամիս մնացած: Փոխանակ պեռաշկի ծամելու, թմբուկ զարնելու, պսակվել-բաժանվելու եւ այլ կապիկություններով զբաղվելու, գո՛րծ արա, առնվազն 50-60 հակառակորդի բռնել տուր, իրավաբանական կարուձեւով գործեր սարքել տուր, նրանց կոխիր պադվալները: Այդ ժամանակ միայն մարդիկ կտեսնեն, թե ինչպես է լինում իսկական արդարադատությունն ու ժողովրդավարությունը:
Հ. Ա.





