ԵՐԵՎԱՆ-ԼԻԼ, Ֆրանսիա – Ֆրանսիացի դաշնակահար Գոդըֆրուա Բեռնիեն (ծնվ. 1992) խորապես կապված է Հայաստանին եւ հայ երաժշտությանը: Նա Լիլի կոնսերվատորիայի շրջանավարտ է, մասնակցել է բազմաթիվ փառատոների: 2020 թվականին ձայնագրել է իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Դաշնամուրը Հայաստանի սրտում», որն ամփոփում է վեց հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների կատարումներ: 2022-ին լույս է տեսել նրա երկրորդ ալբոմը՝ «Կոմիտաս. Դաշնամուրային ամբողջական ստեղծագործություններ» (ներառում է նաեւ երգահանի՝ նախկինում չհրապարակված վաղ ստեղծագործությունները): 2023-ին Գոդըֆրուա Բեռնիեն կնոջ՝ դաշնակահարուհի Մարի Փոշոտյանի հետ հանդես է եկել չորս ձեռքի դաշնամուրային ծրագրով՝ ներկայացնելով նաեւ իր իսկ փոխադրած նոր ստեղծագործությունները: 2025-ին սկսել է աշխատել երրորդ ալբոմի վրա՝ նվիրված կոմպոզիտոր եւ դաշնակահար Գեորգի Սարաջյանին:
– Սիրելի՛ Գոդըֆրուա, դաշնակահար դառնալը ճակատագի՞ր էր, պատահականությո՞ւն, թե՞ պարզապես զուգադիպություն:
– Քանի որ դաշնամուր նվագել սկսել եմ քսան տարեկանում, կասեի՝ դաշնակահար դառնալն իսկական հրաշք էր: Ես երաժշտական կրթություն չեմ ստացել, մեր ընտանիքում երաժիշտներ չեն եղել: Դաշնամուրն ինձ համար հայտնվեց որպես կոչում՝ այն շրջանում, երբ ինքնարտահայտվելու կարիքս չափազանց ուժեղ էր: Այդ պահն իմ կյանքում համեմատում եմ վերածննդի հետ, որը խորապես փոխեց իմ ինքնությունը:
– Եթե ոչ դաշնամուր… ապա արվեստի ո՞ր ճյուղով կզբաղվեիք:
– Ես միշտ հմայված եմ եղել ճարտարապետությամբ, հատկապես հին հուշարձաններով՝ Ֆրանսիայի այն հսկա տաճարներով, որոնք ձեւավորել են մեր քրիստոնեական ինքնությունը: Ինձ կարող էի պատկերացնել քարագործ վարպետ, որը ձեռքերով վերականգնում է այդ անմահ գլուխգործոցները:
– Գուցե արդեն պատմել եք, թե ինչպես է սկսվել ձեր հետաքրքրությունը հայ երաժշտության հանդեպ, բայց կարո՞ղ եք կրկնել:
– Հայ երաժշտության հետ ծանոթությունս սկսվեց ուսանողական տարիներին: Կոնսերվատորիայի հարեւանությամբ գտնվող արվեստի թանգարանում մի ժամանակավոր ցուցահանդես կար՝ «Արեւելքի քրիստոնյաները» վերնագրով: Բացման ժամանակ դաշնամուրով հնչեց Առնո Բաբաջանյանի «Էլեգիան», եւ այդ մեղեդին այլեւս չլքեց ինձ: Այնուհետեւ սկսեցի խորանալ հայկական երգացանկի մեջ, որն ինձ մինչ այդ անհայտ էր, եւ շատ արագ բացահայտեցի Կոմիտասի հանճարը, որը հեղափոխեց իմ մոտեցումը դաշնամուրին:

– Դուք Կոմիտասին անվանել եք «հայ մշակույթի իսկական հոգի»: Ի՞նչն է, ըստ ձեզ, նրան այդքան բացառիկ դարձնում համաշխարհային երաժշտության մեջ:
– Բացի իր ծավալուն ազգագրական աշխատանքից, Կոմիտասը կարողացավ հարմարվել եվրոպական նոտագրությանը՝ միաժամանակ պահպանելով հայ երաժշտության առանձնահատկություններն ու ինքնատիպությունը: Եթե խոսենք իմ գործիքի՝ դաշնամուրի մասին, ապա Կոմիտասն իր գրելաոճով այն վերածում է ազգային նվագախմբի՝ նորարարորեն ընդլայնելով նրա հնչյունային հնարավորությունները, ինչպես նույն ժամանակաշրջանում արեցին Դեբյուսին կամ Ալբենիսը:
– Հինգ տարի շարունակ դուք Ֆրանսիայում եւ Հայաստանում ներկայացնում եք Կոմիտասի դաշնամուրային ամբողջական ժառանգությունը: Հատկանշական է, որ նաեւ անդրադառնում եք քիչ հայտնի, սակայն լիովին արժանի մի կոմպոզիտորի՝ Գեորգի Սարաջյանի ստեղծագործությանը:
– Եթե Կոմիտասը դրեց ժամանակակից հայ երաժշտության հիմքը, ապա Սարաջյանը բարձրացրեց այն նոր մակարդակի՝ ստեղծելով դաշնամուրային մեծածավալ ժառանգություն հայկական թեմաների հիման վրա: Նրա ոճը նորարարական է, հարուստ ու ժամանակակից: Նա յուրաքանչյուր ֆրազ ձեւավորվում է անսպասելի կերպով, այնպես որ նույնիսկ ժամեր տեւած փորձից հետո չեմ հոգնում:
– Դուք ամուսնացած եք հայ կնոջ հետ. ինչպե՞ս է Մարիի ստեղծագործական ուղին զարգանում Ֆրանսիայում:
– Մարին իր տեղն արագորեն գտավ Ֆրանսիայում: Նա դասավանդում է դաշնամուր եւ սոլֆեջո եւ պատրաստում է Շոպենի մենաահմերգ, որը կկայանա հաջորդ տարի: Նա ռոմանտիզմի եւ ֆրանսիական իմպրեսիոնիզմի մեծ երկրպագու է, հատկապես Շոպենի եւ Ռավելի:
– Ի՞նչն է հատկապես ուշագրավ հայ ժողովրդի փեսա լինելու մեջ:
– Դա մեծ մի ժողովրդի ու նրա պատմությանն առնչվելու զգացողությունն է, մի յուրահատուկ ու իսկական մշակութային կապ ունենալու հպարտությունը: Դա հնարավորություն է այս բացառիկ ժառանգության մի մասը կենդանացնելու, տարածելու ու պահպանելու, ինչպես նաեւ այդ ժողովրդի ուժեղ արժանիքները՝ հյուրընկալությունը, բարությունը, հարգանքը եւ ընտանիքի սերը սեփական կյանքում կիրառելու:
– Կա՞ որեւէ հետաքրքրական դիտարկում կամ զվարճալի դրվագ, որը կարող եք պատմել:
– Առաջին այցելության ժամանակ բացահայտեցի հայկական խոհանոցը, հատկապես Գավառի փախլավան, որը շատ սիրեցի: Երկրորդ այցիս Մարիի տատիկը մի հսկայական կաթսայի մեջ մեծ խնամքով դասավորել էր մոտ հիսուն փախլավա: Այդ ժեստը խորապես հուզեց ինձ, թեեւ Հայաստանում այն կարող է սովորական թվալ:

– Դուք բազմիցս ելույթ եք ունեցել Հայաստանում: Կարո՞ղ ենք հաջորդ այցի ժամանակ նոր անակնկալ սպասել:
– Անպայմա՛ն: Կլինի մի նախագիծ, որը վերջերս ենք սկսել Մարիի հետ: Երաժշտական գործունեությանը զուգահեռ հիմնել ենք «Armart e՛dition» մանկապատանեկան հրատարակչությունը: Մեր առաջին նախագիծն ավարտեցինք մի քանի ամիս առաջ. դա ձայնային ուղեկցությամբ գիրք է, որը պատմում է Կոմիտասի կյանքը՝ հետաքրքրական դրվագներով: Յուրաքանչյուր էջում երեխաները կարող են լսել տարբեր ձայներ՝ երգեցողություն, գործիքներ եւ նույնիսկ իր իսկ՝ Կոմիտասի ձայնը, ձայնագրված Փարիզում, 20-րդ դարի սկզբին:
–Շնորհակալությո՛ւն, Գոդըֆրուա՛, ձեր պատասխանների եւ ձեր գործունեության համար: Թող հայ երաժշտությունն աշխարհում ունենա ձեզ նման ավելի շատ դեսպաններ…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ





