ՀՀ պաշտպանության նախարարի այցը Թեհրան
Իրանի Իսլամական Հանրապետությունն իր գոյության 47 տարիների ընթացքում, չհաշված Իրաքի հետ ութամյա պատերազմի ծանր հետեւանքները, երբեւէ այսքան լուրջ եւ բազմաշերտ մարտահրավերների առաջ չի կանգնել:
ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հնարավոր ռազմական բախման վտանգը նվազեցնելու նպատակով Թեհրանը շարունակում է միջնորդավորված բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ միաժամանակ չբացառելով նաեւ ուժային սցենարի հավանականությունը:
Դիվանագիտական քայլերից զատ, ինչպես նաեւ սպառազինություն մատակարարող երկրների հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վերանայման ու թարմացման գործընթացին զուգընթաց, պաշտոնական Թեհրանը փորձում է հստակեցնել նաեւ հարեւան երկրների հնարավոր դիրքորոշումները պատերազմի դեպքում:
Այդ համատեքստում փետրվարի 6-ին Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն այցելել է Բաքու՝ պարզելու, թե ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հնարավոր պատերազմի դեպքում ի՞նչ դիրքորոշում կարող է որդեգրել պաշտոնական Բաքուն: Մեզ հասանելի աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարարին հաջողվել է ստանալ նախագահ Իլհամ Ալիեւի հավաստիացումը, որ Ադրբեջանը պատրաստ է աջակցել լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին
Փետրվարի 23-ին իրանական կողմի հրավերով Թեհրան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նա հանդիպումներ է ունեցել իր պաշտոնակից Ազիզ Նասիրզադեի, ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի, ինչպես նաեւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Իրանական iribnews կայքի հրապարակման համաձայն, նախագահ Փեզեշքիանը Հայաստանի պաշտպանության նախարարի եւ նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ընթացքում վերահաստատել է Իրանի սկզբունքային մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ եւ ընդգծել հարեւանների, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման ու խորացման վճռականությունը:
Նա նշել է, որ հարեւանների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար առաջնահերթություններից է: Ըստ նրա՝ Հայաստանի հետ համակողմանի կապերի ամրապնդումը վայելում է պետական համակարգի բարձրագույն մակարդակի աջակցությունը, եւ Թեհրանը պատրաստ է զարգացնել երկկողմ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Անդրադառնալով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական եւ միջանցքային համագործակցությանը՝ Իրանի նախագահը դրանք գնահատել է որպես փոխադարձ ներուժի իրացման համատեղ կամքի արտահայտություն եւ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը՝ իրանական ընկերությունների գործունեությանը ցուցաբերվող աջակցության համար:
Փեզեշքիանը նաեւ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է լրամշակելու Թեհրանի եւ Երեւանի միջեւ «Համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը»՝ ընդգծելով, որ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ եւ ենթակառուցվածքային ոլորտներում հարաբերությունների խորացումը կնպաստի երկու երկրների եւ ժողովուրդների շահերի առավել արդյունավետ ապահովմանը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Իրանի նախագահը վերահաստատել է, որ իր երկրի հաստատուն քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ տեւական անվտանգության աջակցությունն է: Թեհրանը մերժում է ապակայունացումն ու լարվածությունը՝ համոզված լինելով, որ յուրաքանչյուր անկայունություն վտանգավոր է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:
Նա նաեւ նշել է, որ համագործակցության ընդլայնման հնարավորություններ կան համատեղ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում եւ կոչ արել զարգացնել կառուցողական փոխգործակցություն՝ ապահովելու ժողովուրդների խաղաղ, փոխադարձ հարգանքի եւ համակեցության պայմաններում համատեղ ապրելը:
Փեզեշքիանը անդրադարձել է նաեւ Հայաստան կատարած իր վերջին այցին՝ այն գնահատելով կառուցողական եւ արդյունավետ: Նրա խոսքով, այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները գտնվում են համապատասխան գերատեսչությունների մշտական ուշադրության ներքո:
Իր հերթին, Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին ընդունելության համար: Նա բարձր է գնահատել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ վերջին տարիներին ձեւավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ տնտեսական եւ տրանսպորտային ոլորտներում եւս երկկողմ կապերը զարգանում են դրական դինամիկայով, ինչը նպաստում է հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Որոշ տեղեկությունների համաձայն, այցի ընթացքում քննարկվել է նաեւ համատեղ զորավարժությունների անցկացման հնարավորությունը:
Այդուհանդերձ, պաշտոնական հաղորդագրություններում բաց է մնում առանցքային հարցը. եթե Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական բախում տեղի ունենա, Վաշինգտոնի հետ հարաբերությունները վերջին շրջանում ակտիվացնող Երեւանն ի՞նչ դիրքորոշում կորդեգրի եւ լարվածության նվազեցման ուղղությամբ ի՞նչ գործնական քայլեր կձեռնարկի:
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ





