Իշխանությունը եկեղեցու գործերին չի միջամտում, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ իշխանությունը պարտվել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարում, ԱԺ փոխխոսնակն ասաց.
«Թվում է, թե TV5-ի լրագրողն է սա ինձ ասում, բայց սա ինձ ասում է Ռոբերտ Քոչարյանը։ Ես համաձայն չեմ նրա հետ»։
Հարցին՝ ինչո՞ւ է թիրախավորում լրատվամիջոցներին, Ռուբինյանը կրկնեց՝ իրենք Առաքելական եկեղեցու դեմ պայքար չեն մղել, որ պարտվեն։
Հարցին՝ իշխանությունը կարո՞ղ է առաջիկա ընտրություններից առաջ չգրանցել որոշ քաղաքական ուժերի, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր որոշումները կայացնում է ըստ ընթացակարգերի։
«Եթե որևէ կուսակցություն և թեկնածու հակաօրինական բան չի արել, ինչո՞ւ չպետք է գրանցվի»,- հարցին հարցով պատասխանեց Ռուբինյանը։
ԱԺ փոխխոսնակը հավաստիացրեց՝ ՔՊ-ն բռնատիրական ուժ չէ, ոչ էլ խուճապի մեջ է ընդդիմության հնարավոր կոնսոլիդացիայից։
«Ես, որպես ՔՊ-ի ներկայացուցիչ, պնդում եմ, որ Քոչարյանի և երկու օլիգարխների իշխանության գալը նշանակում է կոռուպցիայի վերադարձ, նշանակում է խաղաղության՝ մեծագույն ռիսկի տակ լինել։ Ես շատ անհանգստաց եմ, երբ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները ձերբակալվում են կաշառակերության կմեղադրանքով, որովհետև կարծում եմ, որ դա վատ բան է։
Մենք կենտրոնացել ենք նրա վրա, որ Քոչարյանն ու երկու օլիգարխները չպիտի գան իշխանության, որպեսզի մեր երկիրը չվերածեն թալանի բույնի»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
Լրագրողների նկատեցին, որ իրենց թիմակցին՝ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Նրանք Ռուբինյանից հետաքրքրվեցին՝ ուրեմն մարդիկ պետք է ասեն, որ ՔՊ-ն և՞ս հանցանք կգործի, եթե իշխանության գա։
«Երբ ՔՊ-ի որևէ անդամ կասկածվում կամ հետապնդվում է կոռուպցիայի համար, դա վկայում է այն մասին, որ ՔՊ-ն… Մեր իշխանության օրոք մեր իշխանության ներկայացուցիչ նախարար է ձերբակալվել, դատապարտվել, այլ նախարարներ քրեական հետապնդման տակ են, փոխնախարար է ձերբակալվել, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է ձերբակալվել, պատգամավոր կա (խոսքն արդեն նախկին ներկայացուցչի մասին է)։
Մարդիկ տեսնում են չէ՞, որ մեր իշխանության օրոք, ովքեր ազնիվ են, շարունակում են աշխատել, ովքեր ազնիվ չեն, ենթադրյալ հանցանք են գործել, հետապնդվում են»,- ամփոփեց Ռուբեն Ռուբինյանը։




