Այսօր ԱԺ շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող մի շարք բժիշկներ պահանջում էին խորհրդարանական լսումներ հրավիրել, որոնց բուժաշխատողներին հնարավորույթուն կընձեռեն բարձրաձայնել ոլորտային բազմաթիվ խնդիրներ։
«Մեր պահանջն է, որպեսզի փոխեն վճարման կարգը, փոփոխեն բուժաշխատուի վարձատրման նվազագույն շեմը, մեխանիզմը վերահաշվարկեն, և թող աշխատի ապահովագրական համակարգը։ Ուղղակի այդ հարցը պետք է լուծվի պետության կողմից, ոչ թե բուժաշխատողների հաշվին։ Պետք չի, որ բնակչության մի շերտը տուժի հանուն մյուս շերտի։ Մենք խոսում ենք սոցիալական արդարությունից, բայց բուժաշխատողների նկատմամբ սոցիալական արդարություն չի կիրառվում»,- ասաց ցուցարարներից բժիշկ Գևորգ Գրիգորյանը։
Անդրադառնալով լուրերին, որ որոշ բժիշկներ այս ընթացքում 19 հազար դրամ աշխատավարձ են ստացել, նա նշեց՝ աշխատավարձն իջել է, որովհետև հաշվարկներն են այդպես արվել։
«Իջել են, որովհետև այդպես են որոշել մարդիկ, որոնք պացիենտի հետ չեն շփվում, որոնք տիտանական աշխատանք չեն կատարում, ովքեր կյանքեր չեն փրկում։ Բուժաշխատողներն էլ բողոքում են և արդարացի են բողոքում։ 19 հազար դրամ աշխատավարձով ո՞վ կաշխատի։ Եղել է դեպք 23 հազար, եղել է դեպք 50 հազար, բայց դա աբսուրդ է։
Հաշվարկներն այնպես են արված, որ դեռևս պարզ չէ՝ դա ամբողջակա՞ն աշխատավարձ է, թե ոչ ամբողջական։ Հիմա ես 2018 թվականի իրենց կարգախոսը կկրկնեմ՝ թողե՛ք աշխատենք, ժողովուրդ, թողե՛ք արժանավայել աշխատենք»,-ասաց Գևորգ Գրիգորյանը՝ հավելելով, որ կոնկրետ ինքը հրաժարվել է սպասարկել ապահովագրությունից օգտվող քաղաքացիներին և վիրահատում է բացառապես վճարովի հիմունքներով։
Գրիգորյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր բժիշկ ազատ է ինքը որոշել՝ ինչ հիմունքներով է ցանկանում աշխատել։
«Պետք է լսումներ անցկացվեն, որպեսզի բուժաշխատողներն իրենց անհանգստացնող հարցերը բարձրաձայնեն։ Եկեք օբյեկտիվ խոսենք. պոլիկլինիկաներ մտե՞լ եք։ Խնդրում եմ գնացեք, հերթերը տեսեք։ Բուժաշխատողն այդ հերթը կարող է ամեն օր սպասարկել և 19 հազար դրամ աշխատավարձ ստանալ։ Մարդիկ գնում են, բժիշկներին ասում՝ ձրի ա, գրի գնամ МРТ անցնեմ, գնամ КТ անցնեմ։ Բժիշկները պատրաստ չեն հա՛մ պացիենտ բուժել, հա՛մ պաշտպանվել պացիենտից»,- ասաց բժիշկը։
Գևորգ Գրիգորյանը շեշտեց՝ ռեպրեսիվ միջոցներն են գործադրվում՝ իրավիճակից բողոքող բժիշկներին աշխատանքից ազատելու, ճնշումներ գործադրելու մեթոդներ։
«Կա՛մ տեղյակ չեն եղել, սխալ հաշվարկ են կատարել, կա՛մ տեղյակ են եղել և միտումնավոր ճնշումների են ենթարկում բժիշկներին, որպեսզի իրենց ծրագիրն ավարտին հասցնեն։ Գործ ունենք մի համակարգի հետ, որը մինչև վերջ հաշվարկված չէ։ Եկեք փոխզիջումների գնանք. երաշխավորեք արժանապատիվ աշխատավարձ, և բժիշկներն իրենց տեղում իրենց գործն անեն»,- ամփոփեց բժիշկը։
Նշենք, որ ակցիայի ընթացքում բժիշկները, Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ, բժշկակական համապարփակ ապահովագրության շուրջ իրենց դիտարկումներով և լսումների մասին առաջարկով նամակներ թողեցին ԱԺ նամակների բաժնում՝ ուղղված ինչպես իշխանական և ընդդիմադիր պատգամավորներին, այնպես էլ ԱԺ նախագահին։ Բժիշկները հույս հայտնեցին, որ արձագանքը չի ուշանա։








