Հայաստանի իշխանությունները «Ռուսատոմի» փորձագետների ու նաեւ չեխական երկու ընկերությունների օգնությամբ արդեն երկու անգամ արդիականացրել են Մեծամորի ատոմակայանը, որն այդպիսով պետք է գործի առնվազն մինչեւ 2036 թվականը: Իսկ ի՞նչ է լինելու դրա աշխատանքի վերջնական դադարեցումից հետո:
Հավանական սցենարներից մեկը, ինչպես այս մասին գրում է չեխական iDNES լրատվականը, ուրվագծվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ: Վերջինս իր երկրի անունից «անդրկովկասյան փոքրիկ պետությանն» առաջարկեց ինը միլիարդ դոլար՝ ռուսական էներգետիկ համակարգից կախվածության նվազեցման համար: Համաձայնագրով սահմանվում են իրավական կարգավորումներ ամերիկյան տեխնոլոգիաների, վառելիքի ու ծառայությունների Հայաստան արտահանման համար: Դրանով նաեւ դռներ են բացվում ամերիկյան ընկերությունների համար, որոնք կկարողանան հավակնել համաձայնագրեր կնքելու Մեծամորի ատոմակայանը փոքր մոդուլային ռեակտորներով փոխարինելու պարագայում: «Սա դասական երկկողմանի շահավիճակ է (win-win) ինչպես Հայաստանի, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- Երեւանում Վենսի «գոհունակ» հայտարարությանն է հղում անում հոդվածագիրը: Իսկ գլխավոր պարտվողն այս դեպքում, բնական է, Ռուսաստանն է:
«Ռուսատոմը» վերջին պահին փորձեց նման պայմանավորվածությանը խանգարել, ասվում է հոդվածում: Այդ ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հանդիպեց Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ եւ առաջարկեց «համալիր գործակցություն» նոր ռեակտորի կառուցման համար: «Բան դուրս չեկավ: Հայաստանում ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա առաջարկին, չնայած որ ամերիկյան մոդուլային ռեակտորները շատ հեռավոր ապագա են թվում»: Այդուհանդերձ, ինչպես նշվում է, արդեն վաղուց Փաշինյանը հասկանալ է տալիս, որ նոր միջուկային հզորությունների կառուցումը փողի հարց չէ, այլ՝ ազգային անվտանգության:
Ըստ այդմ, նա անկասկած նաեւ համոզված է, որ ամերիկացիների հետ միջուկային բարեկամությունը, Ադրբեջանի հետ խաղաղությունը եւ Թուրքիայի հետ սահմանի բացումը իրեն կօգնեն հաղթել հունիսյան խորհրդարանական ընտրություններում:
Ըստ ամերիկյան դիվանագիտության չգրված օրենքի,- մի ծավալուն հրապարակման մեջ նկատում է հարցին անդրադարձած թուրքական «Medya Gunlugu» էլեկտրոնային պարբերականը,- եթե այցը կենտրոնացած է «ազդանշանների» եւ «քաղաքականության» վրա, ապա փոխնախագահը, ինչպես ընդունված է, ավելի շատ խորհրդանշական ազդեցություն է ունենում: Իսկ եթե այցը կենտրոնանում է «բանակցությունների» եւ «արդյունքների» վրա, հաճախ ավելի կարեւոր դեր է վերապահվում ԱՄՆ պետքարտուղարին: Այդուհանդերձ, նշում է հոդվածի հեղինակը, 2026-ի փետրվարին Հայաստանում եւ Ադրբեջանում Ջեյ Դի Վենսի ունեցած շփումները «խաղային» քայլ էին, որը համատեղում էր երկու բնորոշումներն էլ՝ անցնելով խորհրդանշականի սահմաններից այն կողմ եւ կենտրոնանալով կոնկրետ պարտավորությունների վրա: Վաշինգտոնն այս այցով սկսեց «փափուկ ուժի» կիրառմամբ ամենածավալուն գործողությունն ընդդեմ Հարավային Կովկասում ռուսական գերակշիռ ազդեցության: Իսկ դա հասկանալու բանալին պետք է փնտրել ոչ թե դիվանագիտական քաղաքավարական արտահայտություններում, այլ ստորագրված միջուկային համաձայնագրերում, տվյալների մշակման կենտրոնների նախագծերում եւ ԹՐԻՓՓ անվամբ տրանսպորտային նոր «միջանցքում» (չակերտը մերն է- Գ. Մ.):
Պարբերականը, անդրադառնալով նաեւ Վենսի Բաքու այցին, որն, ըստ նրա, ավելի պրագմատիկ բնույթ ուներ եւ կնքված ռազմավարական գործընկերության համաձայնագրի հետ միասին ցույց տվեց Միացյալ Նահանգների տրամադրվածությունը՝ Ադրբեջանը տեսնել նաեւ որպես տարածաշրջանում տեխնոլոգիական ու ռազմական ֆորպոստ, այդ ամբողջը գնահատում է իբրեւ Ադրբեջանի հանգուցային դերի ընդգծում Միացյալ Նահանգների դաշնակիցների տարածաշրջանային համակարգում: Մասնավորապես Կասպից ծովում Ադրբեջանի տարածքային ջրերի պահպանության համար այնտեղ նավեր ուղարկելու ԱՄՆ-ի պարտավորությունը համարվում է ուղղակի «զսպիչ» քայլ ընդդեմ տարածաշրջանում Իրանի եւ Ռուսաստանի ռազմական ներկայության:
Վենսի այցն, ըստ հրապարակման, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում «հանդիսատեսի» դերից անցում է կատարում «խաղարկողի» դերի: Այժմ Վաշինգտոնը տարածաշրջանին մոտենում է ոչ միայն ժողովրդավարության հռետորիկայով, այլ նաեւ միջուկային տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության, տրանսպորտային «միջանցքների» եւ թվային ենթակառուցվածքների փաթեթներով:
«Սակայն այս նոր ռազմավարությունը… բախվում է լուրջ խոչընդոտների: Ռուսաստանի պատասխանը իր հետնաբակերում այս միջուկային եւ ռազմական ակտիվությանը՝ կարող է անկայունության նոր ալիք բարձացնել Փաշինյանի վարչակազմի համար: Մյուս կողմից, ինչպես կարելի է տեսնել «հեռացված թվիթ»-ի դեպքի օրինակով, տարածաշրջանում ԱՄՆ-ի յուրաքանչյուր քայլ անխուսափելիորեն կբախվի Անկարայի եւ Բաքվի զգայուն մտահոգություններին»,- ասվում է թուրքական լրատվամիջոցի հոդվածում:
Իսկ Ռուսաստանի սպասելի պատասխանն այս ամենին, թվում է, արդեն կարծես թե սպառնալից զգուշացման դրսեւորումներ է ընդունում: Մասնավորապես «Նյուզ.ռու» լրատվականն իր անհարգալից չարագուշակ վերնագրով (որը չենք ուզում կրկնել) հրապարակման մեջ վկայակոչում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հայտարարությունն առ այն, թե Հայաստանը վերածվում է Ռուսաստանի հետ դիմակայության Արեւմուտքի գործիքի: «Մենք ակնկալում ենք, որ հանրապետությունը կորդեգրի խելամիտ մոտեցում. Հայաստանի տնտեսության աճի ուժեղ տեմպեր, թույլ գնաճ, ուժեղ ազգային արժույթ եւ հայկական արտադրանքի լայն շուկա՝ այս ամենի երաշխիքը Ռուսաստանի հետ համագործակցությունն է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,-ի թիվս այլ բաների հայտարարել է փոխնախարարը: Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Բուդուեւն էլ «Նյուզ.ռու»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, թե Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործում Ռուսաստանի կառուցողական մասնակցության բացակայության դեպքում Երեւանը ապագայի խոշորածավալ լոգիստիկ նախագծերից մեկուսի մնալու ռիսկի է դիմում: Երկարաժամկետ հեռանկարում, կարծում է խորհրդարանականը, դա կարող է հանգեցնել Հայաստանի պետականության կորստի:
Նրան «ձայնակցել» է տնտեսագետ Ալեքսանդր Ռազուվաեւը, որի կարծիքով՝ եթե Երեւանը շարունակի հետեւել Նիկոլ Փաշինյանի ընտրած ուղուն, ապա հանրապետությունը կարող է թե տնտեսապես, թե քաղաքականապես դադարեցնել իր գոյությունը:
Գ. Մ.





