ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի եւ ԱՄՆ նախագահի մերձավորարեւելյան հարցերով բանագնաց Սթիվ Վիթքոֆի՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում փետրվարի 6-ին տեղի ունեցած միջնորդավորված հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը խիստ սահմանափակ է եւ բավարար չէ հստակ գնահատական ձեւակերպելու համար: Վաշինգտոնը մինչ այժմ բովանդակային առումով էական հայտարարությամբ հանդես չի եկել:
Անորոշության այս պայմաններում միակ նկատելի արձագանքը նախագահ Դոնալդ Թրամփի՝ դեռեւս յոթ ամիս առաջ սոցիալական ցանցում արված գրառման վերահրապարակումն էր՝ անմիջապես բանակցությունների ավարտից հետո: X հարթակում տեղադրված հայտարարությունը հետեւյալ բովանդակությունն ուներ.
«ԱՄՆ-ը հնարավորություն ունի անելու այն, ինչ պետք է արվեր տասնամյակներ առաջ: Մի՛ եղեք թույլ: Մի՛ եղեք հիմար: Մի՛ եղեք խուճապահար»:
Իսկ արտգործնախարար Արաղչին բառացիորեն ասել է. «Ուրբաթ օրը Մասկատում տեղի ունեցած բանակցությունները միայն միջուկային հարցի շուրջ էին. մենք բազմիցս հայտարարել էինք, որ կբանակցենք միայն այս հարցի շուրջ, եւ ահա թե ինչ եղավ»: Արաղչին հավելել է. «Եթե շարունակվի, ապագայում էլ այդպես կլինի. որոշում կկայացվի բանակցությունները շարունակելու վերաբերյալ»:
Իրանի արտգործնախարարի խոսքերից կարելի է միայն եզրակացնել, որ բանակցությունները հիմնականում սահմանափակվել են «տեսակետների փոխանցմամբ», եւ որոշվել է «մայրաքաղաքներում խորհրդակցություններ անցկացնել ու որոշել գործընթացի հետագա ընթացքը»:
Այս ձեւակերպումները կարող են վկայել տարաձայնությունների պահպանման եւ բովանդակային քննարկումների բացակայության մասին: Արաղչին նաեւ նշել է «համաձայնեցված շրջանակ մշակելու եւ հաջորդ նիստերում քննարկվելիք թեմաները հստակեցնելու անհրաժեշտությունը», ինչը ցույց է տալիս Իրանի եւ ԱՄՆ-ի մոտեցումների տարբերությունը:
Դժվար է պատկերացնել, որ նախագահ Թրամփը կարող էր ակնկալել երկարատեւ բանակցությունների արդյունքում բազմադետալ համաձայնագրի ստորագրում՝ 159 էջանոց միջուկային համաձայնագրի օրինակով: Օմանի արտգործնախարարի հայտարարությունը, ըստ որի բանակցությունները նպատակ ունեին «հստակեցնել երկու կողմերի տեսակետներն ու այն ոլորտները, որտեղ հնարավոր է առաջընթաց», եւս վկայում է, որ գործընթացը եղել է նախնական փուլում:
Արաղչիի՝ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները՝ ուրանի հարստացումը որպես «Իրանի անքակտելի իրավունք» եւ հրթիռային ծրագրի շուրջ բանակցություններից հրաժարվելը, արտահայտում են իրանական կողմի անբեկանելի դիրքորոշումը: Այդ առումով Թեհրանի դիրքորոշումը հստակ է: Մնում է պարզել՝ արդյոք Վաշինգտոնը կընդունի՞ այդ պայմանները:
Այլ կերպ ասած՝ իրավիճակը կրկին հիշեցնում է զրոյական արդյունքի տրամաբանություն, ինչպես անցած գարնանը, երբ մեկ կողմի շահը մյուսի պարտությունն էր:
Թրամփի մինչ այժմ հնչեցրած արձագանքը բավականին ընդհանուր է: Հաշվի առնելով նրա քաղաքական ոճը՝ կարելի է ենթադրել, որ ավելի հստակ դիրքորոշումը դեռ կհնչի: Սակայն արդեն այժմ ակնհայտ է, որ այս փուլում բանակցություններն ընթանում են առավել բարդ պայմաններում, քան նախորդ անգամ:
Ռազմական ֆոնը
Մասկատի բանակցությունները տեղի ունեցան 12-օրյա պատերազմի ստվերի ներքո: Տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության ակտիվացումը եւ «ռազմական սպառնալիքի» գործոնի ընդգծումը լրացուցիչ ճնշում էին ստեղծում բանակցային միջավայրում:
«Ալ Ջազիրա»-ի հունվարի 25-ի հաղորդմամբ՝ շուրջ 40-50 հազար ամերիկացի զինծառայող տեղակայված է առնվազն 19 կետում՝ ավելի քան 12 երկրներում: Ցանցը ներառում է ութ մշտական բազա եւ 11 օպերատիվ կենտրոն:
Միաժամանակ հաղորդումներ էին շրջանառվում ինչպես որոշ բազաներից ուժերի մասնակի դուրսբերման, այնպես էլ տարածաշրջան լրացուցիչ ուժերի եւ տեխնիկայի տեղափոխման մասին՝ Իրանի շուրջ հռետորական եւ ռազմական լարվածության աճի պայմաններում:
12-օրյա պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի կողմից Իրանի երեք միջուկային կենտրոնների թիրախավորումը նոր մակարդակի է բարձրացրել դիմակայությունը:
Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ որեւէ հարձակում կհանդիպի «վճռական պատասխանի» եւ կարող է հանգեցնել լայնամասշտաբ բախման:
ԱՄՆ ռազմական ներկայությունը Պարսից ծոցի երկրներում
Քաթարում տեղակայված «Ալ Ուդեյդ» ավիաբազան Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմական հենակետն է՝ շուրջ 10 հազար զինծառայողով եւ CENTCOM-ի առաջատար շտաբով:
Քուվեյթում գործում են ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներ, Բահրեյնում տեղակայված է Հինգերորդ նավատորմի շտաբը՝ մոտ 9 հազար անձնակազմով: Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Օմանում, Իրաքում, Հորդանանում, Սիրիայում եւ Թուրքիայում եւս պահպանվում է տարբեր ծավալի ռազմական ներկայություն, այդ թվում՝ ռազմավարական նշանակության ավիաբազաներ եւ նավահանգիստներ:
Հատկանշական է հատկապես Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազան, որտեղ, ըստ բաց աղբյուրների, պահվում են նաեւ ամերիկյան միջուկային մարտագլխիկներ:
Եզրակացություն
Իրանի շուրջ ԱՄՆ ռազմական ուժերի խիտ եւ ընդգրկուն ներկայությունը չէր կարող չազդել Իրան-ԱՄՆ բանակցությունների մթնոլորտի եւ բովանդակության վրա: Թերեւս հենց այդ ռազմաքաղաքական ֆոնն է առավել խոսուն, քան պաշտոնական հայտարարությունների լռությունը:
Մասկատի հանդիպման արդյունքների մասին իրական պատկերացումը պետք է փնտրել ոչ միայն հրապարակային հայտարարություններում, այլեւ տարածաշրջանում ուժերի տեղաբաշխման եւ զսպման հաշվարկներում:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ





