ԵՐԵՎԱՆ-ՎԼԱԴԻՎՈՍՏՈԿ – Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը (ծնված 2000-ին, Էջմիածնում) 2009-2016 թվականներին ուսանել է Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2017-2020 թվականներին եղել է Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնի բալետի արտիստ, 2020 թվականից՝ առաջատար մենակատար: 2017-ին Բրյուսելում կայացած «Արաբեսկ» միջազգային մրցույթում գրավել է առաջին տեղը եւ արժանացել «Ամենարտիստիկը» հատուկ մրցանակին: 2018-ին USA IBC միջազգային մրցույթում ստացել է «Ժյուրիի համակրանք» մրցանակը, 2019-ին Սոչիում կայացած «Աշխարհի երիտասարդ բալետ» մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի եւ արծաթե մեդալի: Երեւանյան բեմում նրա դերապարերից են՝ Զվեզդիչ («Դիմակահանդես»), Արմեն («Գայանե»), Կրասոս («Սպարտակ»), Ալբերտ («Ժիզել»), Բազիլ («Դոն Կիխոտ»), Զիգֆրիդ («Կարապի լիճը»), Ծաղրածու («Բյուրեղապակյա դղյակը»), իշխան Լիմոն («Չիպոլինո»), Օդաչու («Փոքրիկ իշխանը») եւ այլն: 2024 թվականին Պերմում կազմակերպված Եկատերինա Մաքսիմովայի անվան «Արաբեսկ» ռուսական բալետի 18-րդ մրցույթում, որին մասնակցել են ավելի քան 200 արտիստներ եւ պարուսույցներ աշխարհի 14 երկրից, նա ճանաչվել է մրցույթի հաղթող՝ ստանալով առաջին մրցանակը: 2023-2025 թթ. որպես հրավիրված մենակատար աշխատել է Վրաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Լիտվայում, Գերմանիայում, իսկ անցյալ տարվա հուլիսից Մարիինյան թատրոնի Պրիմորյեի բեմի բալետային թատերախմբի (Վլադիվոստոկ) պրեմիեր է:
–Սիրելի՛ Ռազմիկ, պարողների հետ զրուցելիս սիրում եմ մեջբերել հայտնի մարդկանց խոսքերը պարարվեստի մասին: Մեծն Միխայիլ Բարիշնիկովը մի առիթով ասել է. «Երիտասարդ արվեստագետի կյանքում գալիս է մի պահ, երբ նա հասկանում է, որ պետք է բեմ հանի իր ներսից ծնված ինչ-որ բան: Նա պետք է ինչ-որ բան տա, որպեսզի կարողանա ինչ-որ բան ստանալ»: Ի՞նչ ես կարծում, քեզ համար եկե՞լ է այդ պահը:
-Կարծում եմ՝ Բարիշնիկովը դա ասելիս նկատի է ունեցել, որ պետք է բեմ հանել մի այնպիսի բան, որը քեզ կներկայացնի որպես առանձնահատուկ մեկը: Իհարկե, իմ կարիերայում արդեն եղել է այդ փուլը, եւ ամեն անգամ բեմ ելնելով այլեւս կապ չունի, թե դու ինչ կերպար ես մարմնավորում. առանձնահատկությունը քո անձն է: Չէ՞ որ տեխնիկան չէ, որ ցույց է տալիս արտիստի անհատականությունը. այն պարզապես ընդգծում է այն:
–Ո՞ւմ ես համարում քո ուսուցիչները:
-Ես ավարտել եմ մեր երախտավոր բալետային մանկավարժ Հովհաննես Դիվանյանի դասարանը: Պարապել եմ նաեւ Արման Բալմանուկյանի հետ, մասնավորապես մրցույթների պատրաստվելիս: Արմանն էր, որ ստեղծեց ինձ որպես պարող ու արտիստ:
–Քո կարիերային հետեւում եմ 2018 թվականից: Հիշում եմ, անհանգստանում էի, երբ 2020-ին բանակում էիր. ես միշտ սխալ եմ համարել զինծառայությունը բալետի արտիստի համար: Ինչպե՞ս ես հիշում այդ երկու տարիները:
-Ես համաձայն եմ ձեզ հետ: Այո, դա դժվարություն է պարողի կյանքում, բայց ես շատ ջերմորեն եմ հիշում այդ երկու տարիները: Տվյալ պահին կարող եմ ասել, որ դրանք իմ կյանքի լավագույն երկու տարիներից էին, եթե ոչ՝ լավագույնը: Ես ինձ իրական էի զգում: Այն, ինչ կատարվեց իմ ծառայության այդ երկու տարիների ընթացքում, ձեւավորեց իմ «ես»-ը: Դժվար էր, ինչ խոսք, բայց հիմա հետ նայելով՝ բոլոր դժվարությունները ժպիտով եմ հիշում: Որոշ բաներ՝ նաեւ վախով ու ժպիտով:
–Արտաքինդ ասես ստեղծված է դասական պարողի համար: Իսկ, քո կարծիքով, բալետային արքայազնը չպե՞տք է ունենա նաեւ համապատասխան ներքին:

-Արտաքինը միշտ չէ, որ ամենակարեւորն է: Այո՛, դասական ներկայացումների համար դա շատ կարեւոր է, բայց եթե արտիստի ներսում կրակ չկա, ուզում ես Ալեն Դելոն եղիր. բեմում պետք է «խոսել»: Մեր դեպքում՝ խոսել մարմնով, հոգով:
-2018-ին երջանկահիշատակ ռուս բալետային քննադատ Ալեքսանդր Ֆիրերը, դիտելով քեզ «Գայանե»-ում, «Հայ բալետի փաստարկները» հոդվածում գրել էր. «Փայլուն 18-ամյա Ռազմիկ Մարուքյանը (Գիքո) բալետում հազվագյուտ համադրությունների տեր է՝ նախանձելի արտաքին, արտիստականություն, պլաստիկա, գերազանց տեխնիկա, ձգվածք եւ հրաշալի ոտնաթաթ, ինչը հատկապես կարեւոր է դասական պարողի համար: Նա, անկասկած, հայ բալետի ապագան է» («Музыкальная жизнь », 2018, թ. 8, էջ 65): Եվ իսկապես, մեզ հիացրել ես մի շարք գլխավոր դերապարերով: Թվում էր՝ քեզ դերեր չպիտի պակասեին: Սակայն այսօր դու հանդես ես գալիս Ռուսաստանի ծայրամասում, մինչդեռ ռուս արտիստներ գալիս են աշխատելու մեր բալետային խմբում:
-2018 թվականը հենց այն ծանր տարին էր ինձ համար, երբ առաջացավ ծառայության գնալու հարցը, եւ մեր հյուրախաղերը համընկան իմ ծառայության մեկնելու նախորդող վերջին շաբաթվա հետ: Կարծում եմ՝ դա էլ նպաստեց, որ իմ Գիքոյի կերպարը հասցնեմ այնտեղ, ուր պետք է:
Ինձ դերերը միշտ պակասել են: Ես փորձել եմ ամեն հարմար առիթով գտնել նոր մարտահրավերներ: Հայաստանում ես կատարել եմ մեր խաղացանկի բոլոր հնարավոր եւ անհնար դերերը: Սա շատ նուրբ հարց է. ես չեմ հեռացել Հայաստանից որեւէ խնդրի պատճառով: Ես եկել եմ՝ նոր դերեր, նոր կարեւորություն, նոր որակ գտնելու համար իմ կյանքում:
Իսկ ներկայումս, այո՛, ես այստեղ եմ՝ Մարիինյան թատրոնի Վլադիվոստոկի մասնաճյուղում: Կարծում եմ՝ անունն արդեն խոսում է թատրոնի որակի մասին: Ներկայումս ես երջանիկ եմ այստեղ: Ի դեպ, Պետերբուրգում բնակվող մեր հայրենակիցները կարող են մարտի 2-12-ին ինձ տեսնել Մարիինյան թատրոնի ներկայացումներում:
–Ինչպիսի՞ն է բալետի վիճակը Վլադիվոստոկում: Գիտենք, որ ռուսական մշակութային խմբերն այսօր պատժամիջոցների պատճառով զրկված են Արեւմուտքում հյուրախաղերից, իսկ ձեր թատրոնը գոնե կարողանո՞ւմ է ելույթներ ունենալ տարածաշրջանում՝ Ճապոնիա, Կորեա…
-Թատրոնը տարեկան ունենում է առնվազն երեք-չորս հյուրախաղ տարածաշրջանում: Այո՛, կան դժվարություններ՝ պատժամիջոցների պատճառով, բայց մշակույթն այնպիսի ուժ է, որը կկոտրի ցանկացած պատնեշ: Թատրոնի որակը, իմ կարծիքով, նույնիսկ քննարկելու կարիք չունի. թատրոնի անունն ինքնին խոսում է որակի մասին: Միայն վերջին հինգ ամիսների ընթացքում արդեն ունեցել եմ չորս նոր առաջնախաղ:
–Ռազմի՛կ ջան, քեզ նորանոր հաջողություն եմ մաղթում եւ հույս ունեմ, որ մի գեղեցիկ օր դու կվերադառնաս Երեւանի օպերայի եւ բալետի թատրոն՝ շարունակելու ուրախացնել քո հայրենակից երկրպագուներին:
-Ես երբեք չեմ փակել իմ հետեւից դուռը: Առաջին օրն իսկ ասել եմ՝ եթե պետք լինեմ թատրոնին, եւ թեկուզ աննշան ցանկություն լինի ինձ հրավիրել՝ պատրաստ եմ գալ եւ գլխավորել ներկայացումներ: Ես մեծ սիրով ու հարգանքով եմ վերաբերվում իմ հարազատ թատրոնին եւ շատ եմ սիրում այն:
Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար: Ինձ շատ հաճելի էր կիսվել այս ամենով: Շնորհակալ եմ բոլոր անդրադարձների համար:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ





