Հունվարի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում.
«Հայաստանի անդամակցությունից ի վեր Եվրոպայի խորհուրդը նշանակալի դեր է խաղացել ժողովրդավարական արժեքների նկատմամբ հույսի սնուցման գործում և ՀՀ հասարակության և պետականության հենքում դրանց վերջնական ներդրման համար։ Յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր վավերացված կոնվենցիա, յուրաքանչյուր ինստիտուցիոնալ զարգացում նշանակել է ոչ միայն տեխնիկական փոփոխություն, այլև շոշափելի և գործնական բարելավում սովորական քաղաքացիների կյանքում։
Եկեք անկեղծ լինենք, և ես իրապես հուսով եմ, որ իմ այս միտքը սխալ չի ընկալվի։ Դրսից պարտադրվող բարեփոխումների այս գործընթացը կարող էր անվերջ շարունակվել՝ այդպես էլ չհասնելով ավարտին և չվերածելով Հայաստանը ժողովրդավարական պետության, քանի դեռ Կառավարության մակարդակում չկար իրական հետաքրքրվածություն։ Այսպիսով, Հայաստանում ժողովուրդը փոխեց Կառավարությունը՝ դառնալով փոփոխությունների և ժողովրդավարության շարժիչ ուժը։
Այնուամենայնիվ, մենք միամիտ չենք ժամանակակից աշխարհի իրողությունների նկատմամբ։ Մենք գիտակցում ենք, որ ազատության թշնամիները չեն քնում։ Մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել, նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սխեմաների մեջ, և իրենց ձեռքում ունեն գրեթե անսահման մեդիա ռեսուրսներ։ Նրանք ցանկանում են խափանել խաղաղության և ժողովրդավարության մեր ինքնիշխան ընտրությունը, վերադարձնել մեզ ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտությունների և թույլ ինքնիշխանության միջավայր։ Նրանք ձգտում են օգտագործել հենց ժողովրդավարության գործիքները և մեխանիզմները՝ ժողովրդավարությունը խաթարելու համար»։




