Եկեք արձանագրենք հետևյալը, որ այդ մարդիկ չեն տեղափոխվել Հայաստան, այդ մարդիկ տեղահանվել են։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով օրերս Արցախից Հայաստան վերջին մեկ տասնյակ հայերի «տեղափոխմանը»։
Հատկանշական է, որ իշխանություններն այդ փաստը ներկայացնում են որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհամաձայնեցված գործարք, մինչդեռ Արցախից Հայաստան եկած քաղաքացիների հարազատները նշում են, որ նրանք մինչև Հակարիի կամուրջն անցնելը տեղեկություն չեն ունեցել, որ Հայաստան են տեղափոխվում։
«Իրենք ապրում էին իրենց հայրենիքում, իրենք միամտաբար մտածել են, որ, այնուամենայնիվ, կարելի է փորձել շարունակել ապրել, բայց քանի որ հայրենիքը բռնազավթված է թշնամական ուժի կողմից, այդ թշնամական ուժը ի վերջո իրենց տեղահանել է։ Սա տեղահանություն է, և բնականաբար որևէ կերպ չի կարելի ներկայացնել որպես համաձայնության արդյունք։ Այլընտրանքը ո՞րն էր, որ այդ մարդկանց ֆիզիկապես ոչնչացնեի՞ն։ Գուցե շատերին ֆիզիկապես ոչնչացնել են, մենք նույնիսկ դրա մասին տեղեկությունը չունենք, բայց այն, որ այդ մարդկանց բռնի տեղահանել են՝ դրանով վերջին կնիքը դնելով Արցախի հայաթափման վրա, որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես դրական արդյունք»,–ասաց նա։





