ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս խոստովանած արտահայտությունն այն մասին, թե ճնշում էր գործադրել առաջ տանելու համար հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, չնայած իր բացառիկ կարեւորությանը, հիմնականում անուշադրության մատնվեց: Չի կարելի բացառել, որ դրա գլխավոր պատճառն այն էր, որ այդպես էին ցանկացել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները: Հայաստանում շուտով ընտրություններ են նախատեսված, եւ իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ իրենք են խաղաղության ճարտարապետները: Իսկ Ադրբեջանում բնական է, որ Ալիեւը ձեւացնի, թե ինքն է գլխավոր դերակատարը տարածաշրջանում եւ ոչ ոք, անգամ գերտերության նախագահը, չի կարող ճնշում գործադրել իր վրա:
Իրականում Մ. Նահանգների ճնշումները ուղղված էին բացառապես Արբեջանին, քանի որ Հայաստանն արդեն ճնշման տակ էր եւ ստիպված էր հավելյալ զիջումների գնալ: Այլ կերպ ասած, Հայաստանը չէր, որ փոխեց Ադրբեջանի դիրքորոշումը բանակցությունների միջոցով: Այդ փոփոխությունը տեղի ունեցավ Վաշինգտոնից բանեցված ճնշումների հետեւանքում: Բնականաբար, հասկանալի է, որ ոչ ամենեւին Հայաստանի շահերը պաշտպանելու մտահոգությամբ կամ բարեկամեցողության դրդումով, այլ Մ. Նահանգների շահերի տրամաբանությունը խստորեն պահպանելու նպատակով:
Շատ հնարավոր է, որ Ադրբեջանը մտադիր չէր առաջ տանել խաղաղության համաձայնագիրը, որովհետեւ նման ձեւաչափով նա պետք է հաշվի առներ Թրամփի ստորագրությունը այդ փաստաթղթի տակ: Այլ կերպ ասած, Բաքվի ձեռքերը կապված պիտի լինեին, եւ Ալիեւը պիտի չկարողանար հավելյալ տարածքներ կորզել Հայաստանից կամ ճնշում բանեցնել նրա վրա՝ հատկապես սահմանազատման եւ սահմանագծման բանակցությունների ընթացքում:
Բաքուն առանց այն էլ կարողացել է Հայաստանից ձեռք բերել այն ամենը, ինչ ցանկանում էր, սակայն շարունակում է հնչեցնել իր մաքսիմալիստական հռետորաբանությունը: Այնպես որ, չպետք է բացառել, որ առիթը ներկայանալու դեպքում Բաքուն դարձյալ հավելյալ զիջումներ կփորձի կորզել Հայաստանից:
Այն փաստը, որ Թրամփի խորհրդատու Սթիվն Ուիտքոֆը անցյալ մարտին Հայաստան չայցելեց եւ բավարարվեց միայն Բաքու մեկնել բանակցությունների համար, մի ավելորդ անգամ հաստատում է, որ Հայաստանը այդ գործընթացում պասիվ դերակատարություն ուներ եւ պարզապես նրա հետ քննարկելու ոչինչ չկար: Հստակ է, որ Հայաստանը լայնածավալ զիջումների արդեն գնացել է եւ շարունակում է գնալ: Եթե ինչ-որ փոփոխություններ, այնուամենայնիվ, տեղի ունենային մինչեւ անցյալ տարվա վերջը, ապա Հայաստանի իշխանությունները դրանց հետ ոչ մի առնչություն չէին կարող ունենալ:
Տեղի ունեցածը, անկասկած, զուտ աշխարհաքաղաքական գործընթաց է, որ Թրամփը նախաձեռնել է, որպեսզի Ամերիկայի շահերը առաջ տանի ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ Հարավային Կովկասում, Թուրքիայում ու Եվրոպայում: Կացության որոշակի կայունությունը նշանակում էր, որ Ադրբեջանը դադարում է Հայաստանին դիտարկել որպես թշնամի պետություն: Փաստերն այդ առնչությամբ բավական շատ են, սկսած պաշտոնական հռետորաբանությունից մինչեւ կոնկրետ գործողություններ: Այսպիսով, կարելի է ասել, որ այս զարգացումներում որոշիչ դերը պատկանում էր Ամերիկայի քաղաքականությանը` Թրամփի առաջնորդությամբ, եւ Հայաստանի իշխանությունները ոչ մի ներգրավվածություն չունեին գործընթացում եւ չէին էլ կարող ունենալ:
Իրականում, իրադրությունը այնպես ընթացավ, որ իր տարածաշրջանային շահերը առաջ մղելու գործում Վաշինգտոնը հաշվի էր առել նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը: Արդյունքում, այս երկու պետություններին արդյունավետ կերպով շնորհվեց «միջանցքի» հետ կապված լինելու գաղափարը: Կարգադրության ամբողջ փաթեթը սակայն մնում է Ամերիկայի դրոշի ներքո:
Թրամփի առաջարկած ուղու գլխավոր օգտվողները Բաքուն եւ Անկարան են, մինչդեռ Մոսկվան, Թեհրանը եւ Թբիլիսին կորցնողների խմբում են: Մոսկվայի եւ Թեհրանի պարագայում սա նշանակում է Հարավային Կովկասում իրենց ազդեցությունների զգալի նվազում, իսկ Թբիլիսիի պարագայում` աստիճանական հեռացում տարածաշրջանային իր ռազմավարական դերակատարությունից, որն առնչվում էր Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետեւանքում ստեղծված տրանզիտային գոտի հանդիսանալու փաստի հետ:
Ըստ էության միակ զիջումը, որ Բաքուն կատարել է Թրամփին, ճանապարհի կամ ուղու անվանումն է, որ «Զանգեզուրի միջանցք» անվան փոխարեն այսուհետ կոչվելու է «Թրամփի ուղի»: Բայց Բաքուն այդ ճանապարհը կամ ուղին օգտագործելու է առանց խոչընդոտների, ճիշտ այնպես, ինչպես նախապես հայտարարել էր:
Առանց Թրամփի վարչակազմի միջամտության հաղորդակցական միջոցները Հարավային Կովկասում բոլորովին այլ ձեւով էին ընթանալու եւ ամենայն հավանականությամբ մնալու էին Ռուսաստանի համընդհանուր վերահսկողության ներքո: Այդուհանդերձ, Մ. Նահանգների ներգրավվածությունը չի նշանակում, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորված է: Ոչ էլ վերացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ենթադրվող վտանգը, լինի այն տնտեսական ոլորտի ընդարձակման, թե տարածքային զիջումների ամենատարբեր ձեւաչափերով` սահմանազատման եւ սահմանագծման պատրվակի շրջանակներում: Վերջում մենք տեսնում ենք, որ այդ երկու գործընթացները տեղի են ունենում բացառապես ի հաշիվ հայկական տարածքների:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)





