Մինչ Փաշինյանը ձեռքով «սրտիկներ» է պատկերում, տարբեր երգերի ներքո այդ տեսանյութերը տարածում սոցցանցերի իր էջերում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է իր բանակի մարտունակության բարձրացման մասին։
Մինչ Փաշինյանը Հանրապետության հրապարակում դրոնների շոուն է վայելում, «ուդառնիկ» նվագում, ռաբիզ երգերի տակ պարում, ցատկոտում, Ալիևը նույն ժամանակահատվածում՝ ամանորյա ուղերձում, հայտարարում է. Ադրբեջանի բանակը հզորացել է, իսկ միջազգային իրավունքը «այլևս չի գործում»։
Նա հայտարարել է, որ երկրի զինված ուժերը վերջին հինգ տարվա ընթացքում «զգալիորեն ամրապնդել են իրենց հզորությունը»։
Նրա խոսքով՝ բանակը հագեցած է տեղական արտադրության նոր զենքերով և արտասահմանում գնված սարքավորումներով, ինչը թույլ է տվել բանակին «զգալիորեն մեծացնել իր ռազմական ներուժը»։
Ալիևը նշել է բանակի մարտունակության աճը և հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդլայնումը. նորաստեղծ կոմանդոսային ստորաբաժանումներում ծառայում են հազարավոր զինծառայողներ. ընդգծել է նա։
«Մեր բանակը, հագեցած նոր զենքով և սարքավորումներով, այժմ ի վիճակի է կատարել ցանկացած առաքելություն», – ասել է նա։
Ալիևն ընդգծել է, որ Բաքուն չի մտադիրվում նոր զինված հակամարտություն սկսել, սակայն անհրաժեշտ է համարում պահպանել պատրաստվածությունը՝ պայմանավորված միջազգային անվտանգության համակարգում տեղի ունեցող փոփոխություններով։
«Մենք նոր պատերազմ սկսելու մտադրություն չունենք։ Մեզ համար պատերազմները անցյալում են։ Բայց յուրաքանչյուր պետություն պետք է լրջորեն մտածի իր սեփական անվտանգության մասին»։
Ալիևը մասնավորապես անդրադարձել է միջազգային իրավունքի հարցին՝ նշելով, որ համաշխարհային կանոնները այլևս չեն գործում այնպես, ինչպես նախկինում։
«Միջազգային իրավունքի նորմերը այլևս չեն գործում այսօրվա աշխարհում. շատ երկրներ ընդունել են այն սկզբունքը, որ ով ուժեղ է, նա է ճիշտը»։
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Ալիևը հայտարարել է, որ իր պնդմամբ՝ Ղարաբաղի հարցը հանվել է միջազգային օրակարգից, իսկ Մինսկի խումբն արդեն արխիվում է։
«Մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար ուժ կիրառելով՝ մենք ապահովեցինք մեր ինքնիշխան իրավունքները ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում», – ասել է Ալիևը։





