Դեկտեմբերի 19-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Գոստինի Դվոր» դահլիճում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ամենամյա մեծ ասուլիսը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ զուգորդված քաղաքացիների հետ հեռախոսակապի «Ուղիղ գծով»:
Ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրվել էին ռուսական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների հարյուրավոր ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ ՌԴ-ում «Ազգի» հատուկ թղթակից Գոհար Բոտոյանը, որը ներկա էր դահլիճում: Ի դեպ, հայազգի լրագրողներից միջոցառմանը ներկա էր միայն մեր թղթակիցը:
2001 թվականից սկսած՝ նման ամփոփիչ ասուլիների Պուտինը մասնակցել է 19 անգամ, որից 15-ը՝ որպես պետության ղեկավար, 4-ը՝ որպես կառավարության նախագահ:
Այս տարի ասուլիսը տեւեց 4 ժամ 27 րոպե, նախագահին ուղղվել էին շուրջ ութ տասնյակ հարց, պետության ղեկավարը մեկնաբանեց ավելի քան 70 թեմա:
Քննարկվող թեմաների շրջանակը լայն էր՝ ընդգրկելով արտաքին քաղաքականությունը, անվտանգության խնդիրները, տնտեսությունն ու սոցիալական ոլորտը, ինչպես նաեւ քաղաքացիներին հուզող առօրյա հարցերը:
Ասուլիսի առանցքային թեմաներից մեկը Ուկրաինայի շուրջ շարունակվող պատերազմն էր: Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է քաղաքական կարգավորման, սակայն, նրա խոսքով, խաղաղ գործընթացի իրագործումը պայմանավորված է հակառակ կողմի եւ նրա դաշնակիցների դիրքորոշմամբ: Նախագահը նշեց, որ ռազմաճակատում նախաձեռնությունը ռուսական կողմի ձեռքում է, եւ այդ իրողությունը պետք է հաշվի առնվի ցանկացած բանակցային գործընթացում:
Նա անդրադարձավ նաեւ ԱՄՆ-ի խաղաղարար առաջարկների, հնարավոր զինադադարի եւ բանակցությունների թեմային՝ ընդգծելով, որ անվտանգության հիմնարար երաշխիքների բացակայության պայմաններում խոսել կայուն խաղաղության մասին՝ վաղաժամ է:
«Նախագահ Թրամփը լուրջ ջանքեր է գործադրում այս հակամարտությունը ավարտելու համար,-ասաց Պուտինը:- Նա դա անում է լիակատար անկեղծությամբ: Ավելին՝ նախագահ Թրամփի հետ մեր հանդիպման ընթացքում Անքորիջում մենք համաձայնեցինք եւ գործնականում ընդունեցինք նրա առաջարկները: Հետեւաբար ասել, թե մենք ինչ-որ բան մերժում ենք, ամբողջովին սխալ է եւ որեւէ հիմք չունի:
Մոսկվայում անցկացված նախնական հանդիպումների ընթացքում մեզ առաջարկություններ էին ներկայացվել եւ մեզանից ակնկալվում էին որոշակի փոխզիջումներ: Երբ ես ժամանեցի Անքորիջ, անմիջապես նշեցի, որ դրանք մեզ համար հեշտ որոշումներ չեն լինելու, սակայն մենք համաձայնում ենք առաջարկվող փոխզիջումներին»:
«Գնդակը ամբողջությամբ մեր արեւմտյան հակառակորդների դաշտում է, առաջին հերթին՝ Կիեւի ռեժիմի ղեկավարների, եւ այս դեպքում հատկապես նրանց եվրոպական հովանավորների: Մենք պատրաստ ենք թե՛ բանակցությունների, թե՛ հակամարտության խաղաղ կարգավորման»:
ՌԴ նախագահը կոշտ գնահատականներ հնչեցրեց ՆԱՏՕ-ի ընդլայնման եւ Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի վերաբերյալ: Նրա խոսքով՝ եվրոպական անվտանգության ներկայիս համակարգը կառուցվել է առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու, ինչը երկարաժամկետ հեռանկարում վտանգ է ներկայացնում ամբողջ մայրցամաքի համար:
Առանձին անդրադարձ կատարվեց նաեւ արեւմտյան երկրների կողմից ռուսական պետական ակտիվների սառեցման եւ հնարավոր բռնագանձման հարցին: Պուտինը այդ քայլերը բնութագրեց որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում եւ ընդգծեց, որ նման գործողությունները հարվածում են համաշխարհային ֆինանսական համակարգի վստահելիությանը:
Ներքին օրակարգի շրջանակում նախագահը խոսեց Ռուսաստանի տնտեսության վիճակի մասին՝ նշելով, որ արտաքին ճնշումներին եւ պատժամիջոցներին հակառակ, տնտեսությունը շարունակում է գործել: Նա անդրադարձավ տնտեսական աճի, ինֆլյացիայի վերահսկման, բյուջետային կայունության եւ սոցիալական պարտավորությունների կատարման թեմաներին:
Քաղաքացիների հարցերը հիմնականում վերաբերում էին կենսաթոշակներին, սոցիալական վճարներին, առողջապահությանը, բնակարանային խնդիրներին եւ մարզերի զարգացման անհավասարությանը: Պուտինը մի շարք դեպքերում հանձնարարեց համապատասխան գերատեսչություններին տեղում ուսումնասիրել խնդիրներն ու առաջարկել լուծումներ:
Եղան հարցեր առօրյա կյանքի, երիտասարդության խնդիրների, նույնիսկ անձնական բնույթի դիմումներ, որոնք եւս մեկ անգամ ընդգծեցին «Ուղիղ գծի» գաղափարը՝ նախագահին հասանելի դարձնել հասարակ մարդու խնդիրներին:
Լրագրողների աննախադեպ մեծ թվաքանակի պատճառով «Ազգ» թերթի թղթակցին, ցավոք, այդպես էլ չհաջողվեց հարց հնչեցնել: Մինչդեռ այս անգամ պատրաստված էր մի հարց, որը վերաբերում էր հայ-ռուսական հարաբերությունների ներկային եւ ապագային:
Տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ այս ձեւաչափը Ռուսաստանի նախագահի համար ոչ միայն հաշվետվություն է, այլեւ քաղաքական ազդակների հստակ փոխանցման միջոց: Այն ամփոփում է տարվա հիմնական զարգացումները եւ միաժամանակ ձեւակերպում առաջիկա առաջնահերթությունները՝ արտաքին քաղաքականության, անվտանգության եւ ներքին սոցիալ-տնտեսական կառավարման ոլորտներում:
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից





