Ուրբաթ, Դեկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությանն ու ընդդիմությանը տաքացնող նոր թեմաներ

Մարիետա Խաչատրյան
05/12/2025
- 5 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
2
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շնորհավորում եմ Ազգային ժողովին` մինչեւ վերջ մնաց ի սկզբանե անտես ձեռքով գծված իշխանություն-ընդդիմություն «ռազբորկայի» ֆորմատում: ԱԺ այս` նախավերջին նստաշրջանի վերջին քառօրյան էլ դրա բարձրակետն էր: Թե բա`Արցախը հանձնեցիք, չէ, դուք հանձեցիք, դուք քաղաքական կոռուպցիոներ եք, չէ,դուք եք կոռուպցիոներ: Դեկտեմբերի կեսից կմտնենք Նոր տարուն ընդառաջ մեռյալ փուլը, որից կվերադառնանք հունվարի կեսին, այդպիսով ընտրությունից ընտրություն քաղաքական ժամանակահատվածը ապահով մոտեցնելով ավարտին, հախուռն դիմակայության տեսարաններով վերջին չորս տարում մարելով բոլոր տեսակի հնարավոր անկառավարելի շարժընթացները եւ իշխանության համար վտանգները չեզոքացնելով (հապա հիշեք, թե ընդդիմությունը որքան անգամ է գուժել իշխանության վերջը):

Վերջին օրերին կարեւոր թեմաներ շրջանառության մեջ դրվեցին, որոնց արտացոլումը հատկապես ԱԺ-ում էր լավ երեւում, բայց քանի որ դրանց բոլորին անդրադառնալն անգամ տեսականորեն հնարավոր չէ` կարճ անդրադարձ երկուսին միայն:

Կառավարությունը հրապարակեց Ղարաբաղյան բանակցային գործընթացի փաստաթղթերը, որոնց մեջ չկան Քի Վեսթում բանակցվող առաջարկները, եւ դա դարձավ շատ փորձագետների եւ ընդդիմության դժգոհության հիմնական թեման: Նիկոլ Փաշինյանը նշեց, թե դրանք գոյություն չունեն (խոսքը մասնավորապես Մեղրին փոխանակության առարկա դարձնելու մասին է), ու սկսվեց մի նոր հերթական բանավեճ` ո՞վ է կեղծում, ո՞վ հանձնեց Արցախը, 2019 -ի` համեմատաբար տանելի բանակցային առաջարկները Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չի ընդունել, որով ըստ ընդդիմախոսների Արցախը հայկական կարելի էր պահել, կասեցնել պատերազմը եւ այլն: Մինչդեռ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ասելով` անցյալ բոլոր առաջարկների սեղմագիրն էր 2019 -ի փաթեթը, իսկ Փաշինյանը նորից ամեն ինչ վերագրեց նախկինների սխալներին ու մեղքերին:

Տողերիս հեղինակն առաջիններից մեկն է եղել, որ մեր թերթում բարձրացրել է բանակցային փաթեթների բովանդակության լիարժեք բացահայտման անհրաժեշտության հարցը, բայց մենք այդ մասին գրել ենք շատ ժամանակ առաջ, երբ ընդդիմության եւ իշխանության` Արցախը հանձնելու վերաբերյալ միմյանց ուղղված մեղադրանքները գագաթնակետին էին, պատերազմին հաջորդող ժամանակահատվածում: Վերջին շրջանում հարցը մի տեսակ կորցրել էր հրատապությունը, մանավանդ Մինսկի խմբի լուծարումը կարծես տապանաքար էր դնում մանրամասների լիարժեք բացահայտման վրա:

Քի Վեսթի փաթեթի չբացահայտումը հավանաբար ձեռնտու է համանախագահ երկրներից գիտեք թե ում, քանի որ եթե Նիկոլ Փաշինյանը չի կեղծում, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ այն կա՛մ չկա կառավարության արխիվներում, կա՛մ միգուցե ինչ-որ պատճառով անհետացել է: Բայց դա ի՞ նչ խոչընդոտ է, օրինակ Վարդան Օսկանյանը, որ մասնակցում էր Քի Վեսթի բանակցություններին, կարող է անձնական նախաձեռնություն դրսեւորել եւ հրապարակել այդ փաստաթղթերը, կամ դիմեք համանախագահների ներկայացուցիչ եղած հայտնի անուններին` երեւի չեն մերժի հրապարակել: Եթե մնացած փաստաթղթերը հանված են գաղտնիության գրիֆից, ապա Քի Վեսթինն ինչո՞ւ պիտի գաղտնիության շղարշի տակ մնա, այդ մասին երբ ասում էի «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանին, նա դեմ չէր, մանավանդ հատկապես նա էր խորհրդարանում լրագրողներին ասում, թե հրապարակված փաթեթն ամբողջական չէ, եւ էական հատված դուրս է մնացել:

Իսկ թե ինչու էին հենց այժմ հարապարակվել բանակցային փաթեթները, մի տեսակ կարծես ժամանակային առումով նախընտրական ժամանակահատվածում, կարելի է ենթադրել: Հանրության մեջ մարել է հետաքրքրությունը ընդդիմություն-իշխանություն հարայհրոցների հանդեպ, Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացների հանդեպ հետաքրքրությունը եւս ոչ թե մեծանում է սովորական մարդկանց մոտ, այլ, կարելի է ասել, մարում է` մարդիկ անտարբեր են դառնում, ահա եւ պետք է արժանին մատուցել Նիկոլ Փաշինյանին, ինչպես միշտ՝ նա տիրապետում է հանրությանը տաք եւ միտքը զբաղված պահելու տեխնոլոգիաներին, ու դրա նյութն այս կերպ տվեց գոնե մեկ-երկու ամսվա համար:

Բոլոր դեպքերում, ուշացած, թե ժամանակին, բանակցային փաստաթղթերը հրապարակելը ճիշտ է, պակաս-պռատն էլ թող հրապարակեն իշխանության ընդդիմախոսները, գոնե մի տասնյակ մարդ հաստատ տիրապետում է դրանց, ու դրանք ապագայի բացվածքով հարկավոր են լինելու: Հիմա որ բանավեճը թարմացավ` Արցախը հայկական էր մնալու` կարգավիճակի հետաձգմամբ, հանրաքվեն ինչպես էր լինելու, կողմերը կրկին իրար մեղադրեցին դավաճան լինելու եւ Արցախը հանձնելու մեջ` դրանք առ ոչինչ են հետագայի պատմական դատերի հանդեպ, ամեն գաղտնի բան երբեւէ հայտնի է դառնում:

Մյուս թեման Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված վիճակին է վերաբերում, որն այս անգամ էլ չշրջանցվեց նույնիսկ խորհրդարանում, կառավարության ղեկավարի ամենօրյա թեժացումին զուգահեռ, «ռոմանտիկ սիրային հարաբերություն սեփական քեռակնոջ հետ» դատափետմամբ` առ եկեղեցու սպասավոր: Այս բնույթի ձեւակերպումները ԱԺ ամբիոնից եւ երկրի ղեկին գտնվող անձանցից լսելիս ես վիրավորվում եմ, որպես հայ մարդ, որպես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ: Ինձ համար վիրավորական է Եկեղեցու ինստիտուտի արժեզրկումը հրապարակայնորեն, ի տես աշխարհի: Ինձ համար ամոթ է, որ իմ երեսով տան Հայ եկեղեցին ներկայացնողների այդպիսի կերպար, անկախ նրանից , թե բարձրաձայնվածը հետագայում ժխտվում է, թե՞ հաստատվում, այդ բարձրաձայնումն այդ պահին կեղտի պես կպչում է: Մանավանդ, երբ այդ անեն այլազգիները, որոնց չարախնդության օրինակների ականատեսը եղել եմ արդեն: Այ սա՛ է ազգային անվտանգության խնդիր` հայ եկեղեկեցականի կերպարի արժեզրկումը, որն այլազգիները կարող են նույնացնել հայերիս կերպարի հետ առհասարակ: Սա ավելի թունդ անվտանգության խնդիր է , քան Նիկոլ Փաշինյանի` կաթողիկոսի հետ նույն հոգեւոր հաստատությունում գտնվելը, ինչպես ինքն է ասում: Եւ ինձ համար անհասկանալի է, թե ինչու պիտի տասը միլիոն հայերիս ներկայացնող Եկեղեցու հարցերը երեք միլիոն հայերիս պետության պաշտոնյաներն իրենց իրավասու համարեն լուծել:

Իհարկե, ես երբեք չեմ թաքցրել իմ այն համոզմունքը, որ մեր Եկեղեցին նորոգվելու կարիք ունի, անգամ մինչեւ կուսակրոնության վերանայում, որպես հակամարդկային ծիսականոն, եւ հուսով եմ, որ առաջիկա եպիսկոպոսական ժողովը կելնի ոչ թե անձերի պաշտպանությունից, այլ Եկեղեցու հեղինակության, որպես հայերիս արժանապատվության, պաշտպանության հրամայականից: Ու հարգված եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերջին հայտարարության մեջ այդպիսի ակնարկներ ես տեսա, ի տարբերություն հայտնի տասը եպիսկոպոսներից հատկապես աղքատության, հնազանդության եւ կուսակրոնության ուխտը խախտած եպիսկոպոսների կեցվածքի (պատգամավոր Աննա Գրիգորյանի ձեւակերպումն է):

Եւ էլի հուսով եմ, որ մեր պետական պաշտոնյաները, անկախ ստույգ փաստի , թե տարածված բամբասանքի վրա են հենվում, իրենց հրապարակային խոսքի ավերների մասին կմտածեն` հանրության հոգեբանության խաթարման եւ հայերիս արժապատվությունը վիրավորելու բացվածքով վերլուծելով իրենց ասածները:

Իհարկե, կարելի էր ինչ-որ պահի ընկնել դավադրությունների տեսությունների խելքին, թե բա արտաքին պատվեր կա` կազմաքանդելու Հայ Առաքելական եկեղեցին, մեր հոգեւոր կյանքը տանելու դեպի հոգեւոր մենիշխանության համաշխարհային միտումներ, դեպի հայերիս պառակտման դաշտ, մասոնական օթյակների եւ արտերկրի շահերի սպասարկաման տիրույթներ` հոգեւոր անձերին, պետության ու հայի կերպարն արժեզրկելու, հայերիս դիմադրողականության թուլացման համատեքստում: Բայց եւ չեմ գայթակղվի առայժմ տարածված այդ պարզունակ բացատրություններով ու կսպասեմ ե՛ւ մեր հոգեւոր ոլորտի այրերի, ե՛ւ մեր պաշտոնյաների` իրենց դերն ու առաքելությունը վերջապես վերագնահատելու հասունությանը` համահայկական նշանակության խնդիրներին ավելի զղգուշավոր եւ պատասխանատու վերաբերվելու հույսով: Մանավանդ պաշտոնյաների: Այդպես մի՛ արեք, տղաներ եւ աղջիկներ, չէ՞ որ ձեզ համար էլ պիտի ծանր լինի նսեմացված հոգեւոր ոլորտի հետ նույնացված հայ լինել:

Մյուս կողմից, Եկեղեցին դուրս չէ մեր հասարակությունից, այն հասարակությունը, որն ինքը չի բարեփոխվում, չի կրթվում, նրա բարքերը երբեմն աբսուրդի աստիճան հեռու են տրամաբանությունից, բարեկրթությունից, նորմալ կենցաղից. ո՞նց կարող է բարեփոխված եկեղեցի, կամ պետական մտածողությունը մաշկով կրող պաշտոնյա ունենալ, սա ընդհանրական, մեր բարքերի համալիր փոփոխության խնդիր է:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցա՞խ, թե՞ Ղարաբաղ. Խաղաղության սադրանք

Հաջորդ գրառումը

Շնորհակալիք

Համանման Հոդվածներ

5 դեկտեմբերի, 2025

Մեր եկեղեցին ավելի հզոր է քան… մենք

05/12/2025
5 դեկտեմբերի, 2025

Շնորհակալիք

05/12/2025
5 դեկտեմբերի, 2025

Արցա՞խ, թե՞ Ղարաբաղ. Խաղաղության սադրանք

05/12/2025
5 դեկտեմբերի, 2025

Իրան-Իսրայել պատերազմի վերսկսման վտանգը եւ Թեհրանի կանխարգելիչ քայլերի տրամաբանությունը

05/12/2025
Հաջորդ գրառումը

Շնորհակալիք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական