Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

Նոյեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի։

Վեհափառ Հայրապետը զրույցի ընթացքում անդրադարձ է կատարել միջազգային հարթակներում և տարբեր սոցիալական ու կրթական ծրագրերի շրջանակներում երկու Եկեղեցիների միջև ձևավորված գործակցությանը՝ ի նպաստ հոգևոր առաքելության զորացման։

Հանդիպմանը նաև քննարկվել են տարածաշրջանում ընթացող զարգացումները և առկա մարտահրավերները։

Իր հերթին Ֆրանկ եպիսկոպոս Կոպանիան խոսել է Գերմանիայի հայոց թեմի հետ ձևավորված հարաբերությունների մասին, նաև վստահեցրել է, որ Հայաստանի համար այս դժվարին ժամանկահատվածում աղոթակից են հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն։