«Թրամփի ուղի» ծրագիրն այնքան մեծ ծրագիր է, որ տոկոս ասելը շատ դժվար կլինի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ծրագրի մոտավոր քանի տոկոսն է կատարվել։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հայկական կողմից ով է այն համակարգելու, քանի որ արդեն հայտնի է, որ ամերիկյան կողմից համակարգողը պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քոուլթերն է։
Փաշինյանը նշեց, որ խոսք կարող է գնալ շատ նեղ աշխատանքային խմբի մասին, որովհետև ԱԳՆ-ում կա իր պատասխանատուն, բայց դա ավելի լայն համատեքստի հարց է՝ տրանսպորտային ենթակառուցվածքներ և այլն։
«Մեզ մոտ աշխատանքային որոշակի տրամաբանություն կա. փոխվարչապետի մակարդակով համակարգում կա, կա նաև ԱԳՆ փոխնախարարի մակարդակով։ Ամերիկյան գործընկերների հետ աշխատում է Վահան Կոստանյանը, իսկ ավելի լայն համակարգումը՝ սահմանազատում, ենթակառուցվածքներ և այլն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»,- ասաց Փաշինյանը։





