Ես չեմ կարծում, որ միայն իմ հաղորդման հիման վրա է. վստահ եմ, որ այլ առիթներ և պատճառներ էլ կլինեն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած «վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ» իր ներկայացրած հաղորդմանը:
«Այո՛, ես հաղորդում եմ ներկայացրել և լրիվ տրամաբանական եմ համարում։ Այսինքն՝ եթե սպառնալիք է հնչում, ես ի՞նչ պիտի անեմ։ Կամ այն խուլիգանությունը, որ իրենք իրենց թույլ են տալիս եթերով (նկատի ունի փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին՝ խմբ), կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին մտնելու պարագայում։
Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել, արդարացնել այդ մարդկանց, առաջարկում եմ պատկերացնել մի իրավիճակ, երբ իմ հեռախոսով կմտնեմ ու կխոսեմ իրենց սեռական կյանքից, իրենց ընտանիքի անդամներից, սեռական հայհոյանքներ կհնչեցնեմ, կսպառնամ, որ իրենց հետ հաշվեհարդար կտեսնեմ։ Առաջարկում եմ՝ իրենք դրանից հետո դրական էմոցիաներով չդիմեն ոստիկանություն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը միաժամանակ նշեց, որ փոդքասթի հեղինակներն ազատ են իր գնահատականների մասով փոխադարձաբար դիմելու դատարան։
«Ես երբևիցե որևիցե մեկի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ չեմ հնչեցնում, ես որևիցե մեկի անկողին չեմ մտնում՝ ո՛չ նախկին նախագահների, ո՛չ իրենց ընտանիքի անդամների, ո՛չ էլ իրենց մահացածների գերեզմանների մասին եմ խոսում։
Ես զարմանում եմ, որ իրավապահներն ավելի շուտ չէին այս խուլիգանական արարքներին արձագանք տալիս»,- ասաց նա։
Հարցին՝ չի՞ կարծում, որ «անկողիններ մտնելու» թեման սկսվել է Նիկոլ Փաշինյանից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ո՛չ, նրանից չի սկսվել։
«Մի բան է, երբ դու խոսում ես հոգևորականի մասին և ասում ես, որ նա խախտում է իր հոգևոր խոր երդումը, և մեկ այլ բան է, երբ դու սկսում ես քննարկել որևիցե մեկի սեռական կյանքը։
Նորից եմ ասում՝ այո՛, օրենքով բոլորը պատժվելու են, ովքեր որ խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն։ Մենք այլ հասարակարգ ենք ունենալու»,- ասաց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ դիմակավորված անձինք այսօր վաղ առավոտյան մտել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել վերջիններիս։
Ալեն Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:
«Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներին մտադիր են կալանավորել՝ Ալեն Սիմոնյանին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար: Բացի այդ՝ եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք:




