Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հայաստանը չի կատարել ղարաբաղցի փախստականների վերաբերյալ հանձնարարականները. Եվրոպայի խորհրդի մարմին

Եվրոպայի խորհրդի անկախ փորձագիտական ​​մարմինը՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (ECRI), հրապարակել է  2023 թվականին Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ եզրակացությունները։

Հայաստանի համար հիմնական հանձնարարականն այն էր, որ իշխանությունները իրազեկման միջոցառումներ իրականացնեն հասարակությունում բազմազանության և հանդուրժողականության կարևորության վերաբերյալ՝ աջակցելով Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությամբ կոնկրետ գործողությունների՝ ռասիստական ​​և ԼԳԲՏ-ատյաց խոսքի, բռնության և ատելության հողի վրա հիմնված խտրականության կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատալով։

ECRI-ն գնահատում է ձեռնարկված ջանքերն ու նախնական քայլերը, որոնց թվում՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թվականների ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակում, սակայն եզրակացնում է, որ իր հանձնարարականը միայն մասամբ է իրականացվել։

Հայաստանի համար երկրորդ առաջնահերթ հանձնարարականը ինտեգրման ռազմավարության ընդունումն էր՝ ուղեկցվող բավարար ֆինանսական ռեսուրսներով և կարողությունների զարգացմամբ՝ փախստականների, ապաստան հայցողների և ներգաղթյալների համար արդյունավետ աջակցության միջոցառումներ ապահովելու համար։

ECRI-ին Հայաստանի իշխանությունները տեղեկացրել են մի շարք միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են ի պատասխան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին տարածաշրջանում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայերի լայնածավալ տեղահանության հետևանքով առաջացած աննախադեպ մարդասիրական մարտահրավերի։

Ընդունելով Հայաստանի իշխանությունների առջև ծառացած մարտահրավերները և դրական գնահատելով դրամական օգնության տեսքով մարդասիրական օգնության արագ արձագանքը, ինչպես նաև սոցիալական պաշտպանության հասանելիությունը հեշտացնելուն, առողջապահության հասանելիությունն ընդլայնելուն և տեղահանված երեխաների կրթությունն ապահովելուն ուղղված միջոցառումները, ECRI-ն եզրակացնում է, որ, ինչպես արդեն նշվել է, իր հանձնարարականը դեռևս չի իրականացվել։