Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

Մենք հավատում ենք և լուրջ ջանքեր ենք գործադրում, որպեսզի տեղահանված անձինք կարողանան լիովին ինտեգրվել Հայաստանին և շարունակել իրենց կյանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ինչ վերաբերում է Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայմանների առաջքաշման վերաբերյալ հարցին՝ նախարարը նկատեց՝ հարցը տվող լրագրողն ինքն է թվարկել դրանք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և սահմանադրական փոփոխություններ։

«Ինչպես ճիշտ նշեցիք, Մինսկի խմբի հարցը, ըստ էության, լուծված է. կա քաղաքական որոշում, և տեխնիկական հարցերը կլուծվեն մինչև դեկտեմբեր։ Սահմանադրության վերաբերյալ անհրաժեշտ եմ համարում նշել, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նման հարց, որպես փոխհամաձայնեցված օրակարգ, գոյություն չունի», -ասաց Արարատ Միրզոյանը։

Նա միաժամանակ շեշտեց՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը կամ նոր սահմանադրության  ընդունումը բացառապես ներքաղաքական օրակարգի հարց է, և դա պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը։

«Ես զարմացած եմ, որ այդքան շատ հավաստիացումներից հետո այս հարցը շարունակում է հնչել։ Հայաստանը երբևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը։ Սա ներքին հարց է։ Այո՛, Ադրբեջանը շարունակում է դա կապել և որպես պայման դիտարկել։ Մենք չենք ընդունում այս կապը», – ընդգծեց նախարարը։