Պետք է պաշտպանական համակարգն ուժեղացնել, որովհետև անվտանգության սպառնալիքներն այնպիսին են, որ մեզ պետք է ուժեղ պաշտպանական համակարգ և համագործակցություն։ Մենք տարբեր գործընկերների հետ լինելու ենք ազնիվ, շահերի համադրման հստակ սկզբունքով և հետապնդելու ենք Հայաստանի շահերը, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, նախ սկսենք նրանից, որ ՌԴ հետ հարաբերություններում Հայաստանում կան խնդիրներ։ Պետք է ազատ ու բաց նստենք խոսենք, որպեսզի նոր իրողությունների պայմաններում հասկանանք՝ ինչպե՞ս ենք մեր ռազմատեխնիկական ու արտաքին քաղաքականությունը տանում առաջ։ Ռուսաստանի դեպքում ինձ համար մեծ խնդիրներից են խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում էթնիկ զտումներն Արցախում։ Մեր բոլոր հայրենակիցներին հետաքրքրում է՝ ինչո՞ւ այդպես եղավ։ Մեր հայրենակիցները վերադարձել էին Արցախ, նրանց մի մասը մնում էին այնտեղ՝ ունենալով երաշխավորներ, որոնք ռուս խաղաղապահ ուժերն էին։ Բայց ունեցանք ամբողջական հայաթափում։ Դա ինձ համար խնդրահարույց հարց է, որը պետք է ամբողջական պարզել»,- նշեց նա։
Թաթոյանը միաժամանակ նշեց՝ իր համար խնդրահարույց է նաև այն հարցը, որ 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի և Սյունիքի նկատմամբ հարձակումների ժամանակ դարձյալ ՌԴ-ից աջակցություն չստացվեց։
շ«Բացատրությունները, թե ՀՀ սահմանը դելիմիտացված չէ, ինձ համար ընդունելի չեն։ Սրանք հարցեր են, որոնք մենք պետք է պարզենք, որովհետև ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ անընդհատ բախվելու ենք նման հարցերի։ Մենք պետք է հասկանանք, թե ինչու այդպես եղավ այն պայմաններում, երբ ունեինք ստորագրված փաստաթղթեր»,- ընդգծեց Թաթոյանը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՌԴ կողմից աջակցություն չստանալը ևս մեծ խնդիր է։