Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ աշխարհը շատ արագ է փոխվում, և ակնհայտ է, որ Հայաստանն այլևս չի կարող զարգանալ հին մոդելով՝ սպառման և ներևմուծման հաշվին, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկի միջոցառմանն այսօր հայտարարեց Դավիթ Անանյանը։
«Ժամանակն է փոխել տնտեսական մտածողությունը, ձևավորել նոր ազգային մոդել՝ ստեղծարար, արտահանող և տեխնոլոգիական Հայաստան։ Հայասստանը պետք է ապրի ոչ թե ներքին սպառման, այլ իր ստեղծած գաղափարի արժևորումով համաշխարհային շուկաներում։ Մենք աշախարհին պետք է տեխնոլոգիա և արդյունք վաճառենք։
Հանքարդյունաբերությունը պետք է դառնա վերամշակող և բարձր տեխնոլոգիական ոլորտ։ Հայաստանի հարստությունը չի կարող ընդերքից արդյունահանվել և տեխնոլոգիական պարզագույն փուլ անցնելուց հետո արտահանվել որպես հումք։ Արդյունահանված պաշարները պետք է վերածվեն այնպիսի արտադրանքի, որի արժեքը ոչ թե կրկնակի, այլ բազմակի անգամ գերազանցում է արտահանվող հունքի արժեքը։
Մենք նաև կկազմակերպենք պոչամբարների շահագործում՝ բնապահպանական պատասխանատվությամբ և տնտեսական արդյունավետությամբ։ Մենք կկառուցենք արդյունաբերական գոտիներ՝ յուրաքանչյուր մարզում առնվազն երկու արդյունաբերական գոտի՝ հագեցած ենթակառուցվածքներով, մաքուր վերականգնվող էներգիայով և ավտոնոմ համակարգերով։ Այդ գոտիները միացված կլինեն երկաթուղային և ավտոմայրուղային ցանցերին՝ հասանելիություն ապահովելու համար մի կողմից դեպի Սև ծովի նավահանգիստներ, մյուս կողմից դեպի Իրանի ծովային դարպասներ»,- ասաց Դավիթ Անանյանը։
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ բանախոսը շեշտեց՝ այն պետք է դառնա ոչ թե գոյատևման ոլորտ, այլ զարգացման հենասյուն։ Անանյանը խոստացավ՝ կխթանեն վերամշակող գյուղատնտեսությունը։
«Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի գյուղարդյունաբերության կենտրոն։ Ինչ վերաբերում է սփյուռքին, ապա այն մեր տեսլականում այլևս նվիրատու չէ, այլ համահեղինակ և համասեփականատեր»,- ասաց Դավիթ Անանյանը՝ խոստանալով, որ Հայաստանը դառնալու է փոքր տնտեսություն ունեցող, բայց խոշոր միտք գեներացնող երկիր, զարգացնելու է ռազմաարդյունաբերությունը՝ կարողանալով ոչ միայն պաշտպանվել, այլև ստեղծել պաշտպանական տեխնոլոգիաներ՝ արտահանելով դրանք։