Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան

Յոթնապատիկ   իրողություններ

ՅՈԹ սարի հետեւում չէ այն օրը, երբ համայն հայության համար ճակատագրական ընտրությունների արդյունքները կամփոփվեն:

Հունիսի ՅՈԹ-ը լինելու է վճռորոշ, քանզի արդյունքներից դժգոհ հատվածը ՅՈԹ անգամ զանգվածաբար անիծելու է իր բախտը: Չէ՞ որ երբեմն զանգվածաբար բախտ անիծելն էլ կարող է քաղաքական ակցիա համարվել, առայժմ՝ առանց քրեաիրավական հետեւանքների:

2026 թ. հունիսի ՅՈԹ-ին կայանալիք այս բախտորոշ խորհրդարանական ընտրություններին ՅՈԹ տարի սպասած հանրությունը, մինչ ընտրատեղամաս հասնելը, պետք է «ՅՈԹ անգամ չափի, մեկ անգամ կտրի»:

Ընտրությունների արդյունքներից գոհ մնացած զանգվածը, ինչպես ընդունված է ասել, «ՅՈԹ օր, ՅՈԹ գիշեր» տոնելու է իր հաղթանակը եւ իրեն զգալու է ՅՈԹ-երորդ երկնքում:

Համենայն դեպս, ինչպես արջը մեղրի մասին ՅՈԹ երգ գիտի, այնպես էլ քաղաքական դաշտում դիրքավորված բոլոր կուսակցությունների նախընտրելի ՅՈԹ երգը լինելու է ՅՈԹ վանկից բաղկացած այս մեղրածոր կարգախոսը՝

«Պայ—-քար, պայ—-քար, մին—-չեւ վերջ»

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ