Սեպտեմբերի 29-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ «Աբրահամի համաձայնագրին» Իրանի միանալու հնարավորությանը եւ հույս հայտնել, որ պաշտոնական Թեհրանը դրականորեն կարձագանքի իր առաջարկին:
Հայտնի է, որ «Աբրահամի համաձայնագիրն» ամերիկյան նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2020-ին, եւ նախաձեռնողները ձգտում են ընդլայնել դրա շրջանակը՝ ներգրավելով նոր պետությունների:
Որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ «Աբրահամի համաձայնագիրն» ընդգծված հակաիրանական ուղղվածություն ունի, եւ ժամանակին Իրանի էքսնախագահ Հասան Ռոհանին համաձայնագրի օրակարգ մտցնելը պաղեստինցիների ու մուսուլմանների նկատմամբ դավաճանական քայլ է անվանել՝ համոզմունք հայտնելով, որ այն ոչ թե տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու միտում ունի, այլ Պարսից ծոցին ու Իրանին մերձենալու նպատակ է հետապնդում: Ուստի այդ համաձայնագիրն անմիջապես Իրանի կողմից գնահատվել է որպես հակաիրանական միջոցառում: Դրանից ելնելով՝ Իրանը սկսել է վերապահ մոտեցում ցուցաբերել «Աբրահամի համաձայնագրին» միանալու ցանկություն արտահայտող երկրների նկատմամբ:
Չնայած Իրանի կողմից գործադրվող նախազգուշական քայլերին՝ Իսրայելը շարունակում է շահագրգռվածություն ցուցաբերել «Աբրահամի համաձայնագրին» միացած երկրների շրջանակի ընդլայնման ուղղությամբ եւ ձգտում է դրանում ներառել նաեւ Իրանին սահմանակից երկրներ, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Թել Ավիվի նպատակը դիվանագիտական ուղիներով Իրան-ԱՄՆ տարաձայնությունները կարգավորելու այլընտրանքը ռազմական լուծումով փոխարինելն էր, որի համար Իսրայելում լայն արշավ էր ձեւավորվել՝ Ադրբեջանի Հանրապետությանը «Աբրահամի համաձայնագրին» մասնակից դարձնելու ուղղությամբ: Սա կարող է ավելի կարծրացնել Ադրբեջանի հակաիրանական կեցվածքը:
Շատերի մոտ հարց է առաջանում. ինչո՞ւ է Թրամփն այդպիսի անիրագործելի ու տարօրինակ առաջարկով դիմում Թեհրանին՝ իմանալով, որ առաջարկությունը մերժվելու է: Մի՞թե Թրամփը չգիտի, որ Իրանը ոչ մի պարագայում չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որտեղ առկա է նաեւ Թեհրանի կողմից չճանաչված Իսրայելի ստորագրությունը:
Այնուամենայնիվ, ո՞րն է Թրամփի առաջարկության հիմնական նպատակը:
Հնարավոր է, որ Թրամփը հակված չէ խորանալու «Աբրահամի Համաձայնագրի» էության մեջ: Կամ էլ դա համաշխարհային խաղաղությանը միտված Թրամփի հերթական քարոզչական քայլերից է: Դրանով ԱՄՆ-ը, միգուցե, ցանկանում է նաեւ Իրանի վրա դիվանագիտական եւ հոգեբանական ճնշում գործադրել: Թրամփը հավանաբար նաեւ այդ քայլով փորձում է Իրանի «դիմադրության ճակատում» պառակտում մտցնել եւ Իրանի ժողովրդին այլընտրանք առաջարկել:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ