Կիրակի, 26 Հուլիս, 2026

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

Սեպտեմբերի 20-ին Դոնալդ Թրամփը վերջնագրային պահանջով դիմել է Աֆղանստանի կառավարությանը՝ վերադարձնելու Բագրամի ավիաբազան, որը ժամանակավորապես արտապատվիրակվել էր ԱՄՆ-ին եւ հետագայում վերադարձվել  Աֆղանստանին:

Թրամփի տարածած հայտարարության մեջ նշվում է.

«Եթե Աֆղանստանը Բագրամի ավիաբազան չվերադարձնի դրա իրական կառուցապատողին, վատ բաներ տեղի կունենան»:

Բագրամը համարվում է Աֆղանստանի կարեւորագույն ռազմաբազաներից մեկը, որն էական դեր է խաղացել երկրի վերջին ռազմաքաղաքական զարգացումներում: Այն գտնվում է մայրաքաղաք Քաբուլից 12 կիլոմետր հեռավորության վրա եւ, որպես ռազմական գործողությունների լոգիստիկ կենտրոն, ունի հասանելիություն հարեւան երկրների՝ այդ թվում Իրանի տարածքին:

Ի դեպ, Բագրամի ռազմաբազան դեռեւս 1950-ականներին կառուցվել է Խորհրդային Միության կողմից: Հետագայում, ըստ 2012 թվականի մայիսին Աֆղանստանի եւ ԱՄՆ նախագահներ Համեդ Քարզայի ու Բարաք Օբամայի ստորագրած Ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի (SASPA), բազան արտապատվիրակվեց ԱՄՆ-ին, որն այնտեղ իրականացրեց որոշակի շինարարական եւ վերակառուցման աշխատանքներ:

Համաձայն այդ համաձայնագրի, ԱՄՆ-ը իրավունք ստացավ օգտվելու Աֆղանստանի մի շարք ռազմական օբյեկտներից, այդ թվում՝ Բագրամից: Սակայն, 2020 թվականի փետրվարին Դոհայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱՄՆ ռազմական ուժերը դուրս բերվեցին Աֆղանստանից, իսկ Բագրամի ռազմաբազան վերադարձվեց Աֆղանստանին:

Հետաքրքրական հարց է առաջանում. եթե, օրինակ, Հայաստանը 99 տարի անց առաջարկի վերադարձնել TRIPP-ը դրա իրական տերերին, արդյո՞ք «վատ բանե՞ր» տեղի կունենան կառուցապատող երկրի կողմից:

Հիշենք նաեւ Դոնալդ Թրամփի ուղարկած նամակը ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիին, որտեղ նա պահանջում էր սկսել բանակցություններ Իրանի միջուկային գործունեության սահմանափակման շուրջ: Նամակն ավարտվում էր քողարկված սպառնալիքով. «Չբանակցելու այլընտրանքն այն է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք…»:

Թրամփն իրականում կատարեց իր սպառնալիքը. Իրան-Իսրայել պատերազմի 9-րդ օրը նա ներգրավվեց ռազմական գործողությունների մեջ՝ աջակցելով Իսրայելին եւ հրթիռակոծելով Իրանի միջուկային օբյեկտները:

Այս համատեքստում ենթադրելի է, որ Բագրամի հարցում եւս Թրամփը կփորձի կատարել իր հայտարարած խոստումը, եւ Աֆղանստանում, ինչպես նա նշել է, «ինչ-որ բաներ» տեղի կունենան:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարում՝ Բարաք Օբաման եւ Համեդ Քարզայը Բագրամի ավիաբազան վերադարձնելու պայմանագրերն են փոխանակում 2012 թ.: