Սեպտեմբերի 20-ին, ելույթ ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում, իշխող վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առաջիկա համապետական ընտրություններին սահմանադրական մեծամասնություն նվաճելու և դրանից հետո մեր քաղաքացիներին սահմանդրական հանրաքվե պարտադրելու իր մտադրության մասին։
• Դրանով նա փորձելու է լուծարել միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը, և նրա փոխարեն ձևավորել թուրք-ադրբեջանական տանդեմին ենթակա, նրա կողմից պարտադրված սահմանադրությամբ և օրենքներով ապրող կիսապետական մի կազմավորում։
Այս հայտարարությունը նաև հստակ ուղերձ է առաջիկա համապետական ընտրությունները կեղծելու և նրանց արդյունքները նենգափոխելու վերաբերյալ, քանի որ հասարակության մեծ մասի կողմից մերժված վարչախումբն այլապես որևէ շանս չունի արդար ընտրություններով մեծամասնություն ստանալու համար։ Սա հաստատվում է նաև իշխող վարչախմբի բազմաթիվ այլ բռնատիրական գործողություններով, մասնավորապես` քաղաքական ընդդիմախոսների կամայական ազատազրկումներով, նրանց գույքի ապօրինի բռնազավթումներով, երկրում վախի և ատելության մթնոլորտի սաստկացմամբ և մեր հասարակությանը շարունակաբար մոտալուտ պատերազմի շանտաժով։
Այս պայմաններում, երբ իշխող բռնատիրական վարչախումբը սաստկացնում է իր գրոհը հայ հասարակության և նրա դավանած արժեքների դեմ, գործող ազգային կառույցները մինչ այժմ չեն կարողացել միավորել իրենց ուժերը մեր երկրի գլխին կախված սպառնալիքները չեզոքացնելու համար։
• Նրանցից յուրաքանչյուրը, հավակնելով միանձնյա պայքարելու իշխող վարչախմբի դեմ, իրականում ջլատում է մեր հասարակության դիմադրողական ուժերը։ Եկել է ժամանակը, որ դաշտում գործող առողջ ազգային ուժերը հանդես գան միասնական պլատֆորմով և հստակ, հզոր ու կազմակերպված այլընտրանք ներկայացնեն իշխող վարչախմբին, ինչը թույլ կտա կանխելու նրա վերարտադրությունը և չեզոքացնելու նրա կողմից նախապատրաստվող սահմանադրական հեղաշրջումը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, հավատարիմ Հայաստանի և Արցախի պաշպանության իր հիմնարար առաքելությանը, առաջարկում է Հայաստանի հանրային դաշտում գործող բոլոր առողջ ազգային ուժերին և անհատներին անհապաղ սկսել երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության շուրջ միասնական ազգային դաշինք ձևավորելու նպատակով։
Մենք հանձն ենք առնում ի սպաս դնելու մեր բոլոր ուժերը այդպիսի դաշինքի կազմավորմանը, և կանենք հնարավոր ամենը՝ կանխելու Հայաստանում սահմանադրական հեղաշրջումը և թուրք-ադրբեջանական բռնատիրության հաստատումը։