Կիրակի, 26 Հուլիս, 2026

Փաշինյանի այսօրվա բրիֆինգի ստերը. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն անդրադարձել է կառավարության այսօրվա նիստից հետո Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարություններին.

Երկու սուտ, կամ այսօրվա բրիֆինգի հետքերով

ՍՈՒՏ No. 1

«Հայաստանի Հանրապետությունում մարդիկ հավասար են օրենքի առաջ և դրանում որևէ կասկած չկա» – Նիկոլ Փաշինյան:

Բացառիկ սուտ է: Չի վերաբացվում 2007 թվականին հարուցված քրեական գործը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հասցված վնասը հատուցելու և գողոնը հայտնաբերելու համար: Չբացատրեմ, թե ինչու. բոլորը վաղուց գիտեն այդ մասին, ուղղակի ՔՊ վարչությունում համառորեն դա չեն հասկանում` շատ հասկանալի պատճառներով:

Այս դրվագով՝ երկրորդ ենթասուտը: 2021 թ․ դեկտեմբերին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործն այդպես էլ չի մտնում դատաքննության փուլ: Գործը հարուցվել է ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ: Գործի շրջանակում հարցաքննվել եմ, մի քանի հարցաքննություն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ: Գործը հետաքննող քննիչը փորձել էր ոչնչացնել իմ ցուցմունքները, որոնք վերաբերվում էին քրգործը հարուցող Հարություն Մարությանի հանցավոր գործունեությանը: Հարություն Մարությանը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների հատուկ գործողությանը սատարած ու սպասարկած ազգագրագետներից է:

Հաջորդ բրիֆինգին արժե, որ լրագրողներն այս երկու դրվագով հարց ուղղեն 2018 թվականին Երևանում տեղի ունեցած ինչ-որ հեղափոխության մասին ակնարկող անձին:

ՍՈՒՏ No. 2

Մի հատ էլ հետաքրքիր հարց` որն աղերսներ ունի այսօր հնչեցված «հարյուրավոր մետր ամպլիտուդ տարբերություն» ձևակերպման հետ:

Գերիների հարցի հետ կապված, երբ ոչ մի առաջընթաց չկա, բայց ամեն օր ասում եք, թե զբաղվում եք, բա էդ ո՞նց է ստացվում, որ ստորագրված թղթով ստանձնած այս պարտավորության դրվագով Ադրբեջանը քեզ բանի տեղ չի դնում, բայց ամեն ժամ ասում եք խաղաղություն է լինելու այդ նույն Ադրբեջանի հետ, որի քարոզն ու գովաբանությունը հասցվել է համաշխարհային կրոնական ուսմունքի մակարդակի:

Հիմա վերոնշյալը Քաջ Նազարի՞, թե՞ Կիկոսի մահի տրամաբանությունից էին: