Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Հեղափոխական իրադրություն

Ում  ժամանակին բախտ է վիճակվել տքնանքով սերտելու մարքսիզմ-լենինիզմի ուսմունքն ու դիալեկտիկական մատերիալիզմը, հեղափոխությունների ու սոցիալական ցնցումների մասին ունի դասական պատկերացումներ: Իսկ դասականն այն է, որ հեղափոխություններն առաջանում են օբյեկտիվ փոփոխությունների արդյունքում, երբ ստեղծվում է հեղափոխական իրադրություն:

Նման իրադրություններ առաջանում են այն ժամանակ, երբ «ստորին խավերը չեն ուզում, իսկ վերինները չեն կարող հին ձեւով ապրել»:

Այս մարքսիստական «ճշմարտությունն» անգիր արած ուսանողներին էր միայն վիճակված ստուգարք կամ դրական գնահատական ստանալ:  

Հիմա այլեւս հեղափոխությունների մասին այս դասական սահմանումները ժամկետանց են:

Այսօր քաղտեխնոլոգիաների դարաշրջանն է եւ այդ ուսմունքը դավանող մասնագետների աստեղային ժամը:

Փաստորեն, ժամանակակից գիտելիքներով օժտված  քաղտեխնոլոգներն աշխարհի որեւէ վայրում, քաղաքական որեւէ իրավիճակում կարող են հեղափոխությունների համար ցանկալի  դեղատոմս առաջարկել:  Դրա համար անհրաժեշտ են.

– ֆինանսավորում,

– նպաստավոր եղանակային պայմաններում քայլերթերի ու մոբիլիզացիայի  կազմակերպում,

– ազգային կամ սոցիալական ռեզոնանս առաջացնող  վիզուալ  ուղերձների ապահովում,

– մանիպուլյատիվ մեթոդների կիրառում,

– ուղեղի բթացում առաջացնող տաղաչափական ռիթմիկ երաժշտություն,

– գունավոր կամ խորհրդանշական առարկաների ցուցադրում,

– հանգավորված ու բարեհունչ բառակապակցությունների վանկարկում…

Այդ հնարքների միջոցով  ապահովվում է  հեղափոխությունների համար անհրաժեշտ «իրադրությունը»:

Սա այն իրավիճակն  է,  երբ վերին խավերն  ընդունում են  սեփական «սխալն» ու ստորին խավերի՝  «ճիշտը»: Երբ  իշխանավորն ընդունում է իր պարտությունն ու, առանց հետեւանքների մասին հոգ տանելու, փողոցում գցած իշխանությունը հանձնում  տիտղոսակիր հեղափոխականին:

Հեղափոխություն անելու մի կարճ ճանապարհ  էլ կա.  լսել իշխանավորի հորդորը՝ «եթե համաձայն չես, հեղափոխություն արա»:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ