Կիրակի, 26 Հուլիս, 2026

Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչ» հուշակոթողը

«Եռաբլուր» պանթեոնում բացվել է «Արցախի կանչ» հուշահամալիրը, որտեղ տեղադրվել է գլխավոր հուշակոթողը՝ նվիրված արցախյան բոլոր պատերազմների զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։

Հուշակոթողի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ Արցախի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առիթով։

Հուշահամալիրն օծեց  Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Հուշակոթողի ճարտարապետներն են Վլադիմիր և Միքայել Սարգսյանները, քանդակագործը Ռոբերտ Ասկարյանն է։ Վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակը հավերժացնող քանդակի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է։

«Ամենից կարևորը տատն ու պապն են, որ մեկը մի կողմ է նայում, մյուսը՝ մյուս կողմ, գերեզմաններին է նայում։ Իրենց թոռնիկի հետ հասել են այստեղ, ինձ թվում է՝ նորից վերադառնալու են Արցախ։ Արցախի արմատը չի չորանում, միշտ մնալու է հողի մեջ»,- հուշակոթողի բացման արարողությանն  ասաց քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը։

Հուշահամալիրի ստեղծման մտահղացման հեղինակն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն է, որը նախաձեռնության է վերածել Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։ Հուշահամալիրի կառուցումը ֆինանսավորել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։