Կստեղծվի սկզբունքորեն նոր քաղաքական ուժ, այսօր «Մեր ձևով» շարժման մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ նշեց շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
«Մեր երկրում քաղաքական կուսակցությունը պետք է հիմնված լինեն գաղափարական հենքի վրա, գաղափարը կարող է լինել տնտեսությունը, սոցիալական փոփոխությունները։ Ինչ վերաբերվում է անհատներին, լինելու են, ղեկավարելու են պրոֆեսիոնալները։ Շատ կարևոր է, որ ոչ մեկին շանս չտրվի այսպես կենտրոնացնել ամբողջ իշխանությունը և հայտարարել՝ «կառավարությունը ես եմ»։ Դա շատ կարևոր է յուրաքանչյուր հաջորդ կառավարության համար, որովհետև իշխանությունը դեֆորմացնելու հատկություն ունի մարդկանց։ Մարդը կարող է մինչ իշխանություն գալը մի ծրագրի հավատալ և մի արժեք ունենալ, բայց վեց-յոթ տարվա ընթացքում կարող ես տեսնել, որ այդ մարդուց երևի բան չի մնացել, և գաղափարական առումով հարց է առաջանում՝ այդ մարդը հենց սկզբից էր այդպիսին, թե ընթացքում դարձավ այդպես։
Այդ պատճառով ինստիտուցիոնալիզմը շատ կարևոր է, հավասարակշռությունը շատ կարևոր է, մեր քաղաքական հայացքները այդպիսին են, որպեսզի մենք էլ ու մյուս բոլոր ուժերն էլ չդառնան այն, ինչ հիմա մենք տեսնում ենք»։
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, Նարեկ Կարապետյանն ասաց. «Նա գաղափարական մեր առաջնորդն է, այսինքն նրա ծրագրերով, նրա գաղափարներով ենք մենք առաջ շարժվում։ Կուսակցության մասին չորս ամիս հետո մենք հանդես կգանք ավելի կոնկրետ կուսակցության ծրագրային առաջարկով»։