Հայաստանի մարզաառողջարարական և վերականգնողական թերապիայի ոլորտում անվիճելիորեն առանձնացող անուննը Արման Մանուկյանն է: Անուն, որ այս օրերին միջազգային բեմում կրկին հաստատեց իր առաջատար դերը։ Հուլիսի 25–27-ը ԱՄՆ-ում կայացած American Massage Championships 2025 մրցաշարում Մանուկյանը հանդես եկավ ոչ միայն որպես մրցավար, այլև՝ հեղինակային մեթոդների ներկայացնող։ Միջոցառումը համախմբեց մերսման և թերապիայի ոլորտի համաշխարհային լավագույն մասնագետներին, իսկ հայկական մասնագիտացված դպրոցի բարձր մակարդակը նորից արժանացավ միջազգային ճանաչման։
Արման Մանուկյանը երկար տարիներ ուսումնասիրել և իր աշխատանքում համադրել է արևելյան ու արևմտյան մոտեցումները՝ ստեղծելով թերապևտիկ համակարգ, որն այսօր արդեն լայնորեն կիրառվում է Հայաստանում։ Նրա մշակած մեթոդները առանձնանում են ոչ միայն արդյունավետությամբ, այլև մշակութային ինքնությամբ․ դրանք կրում են հայկական ավանդույթների շունչը և միաժամանակ հիմնված են ժամանակակից գիտական ուսումնասիրությունների վրա։
Այս համադրության շնորհիվ Մանուկյանի տեխնիկաները կիրառվում են թե՛ մարզիկների վերականգնման, թե՛ առողջապահական կենտրոնների աշխատանքում։ Բացի այդ, դրանք դարձել են ուսումնական ծրագրերի հիմք՝ նոր սերնդի մասնագետների պատրաստման համար։
Մասնակցելով American Massage Championships-ին՝ Մանուկյանը հանդես եկավ որպես մրցավար, ինչը ցույց է տալիս նրա բարձր հեղինակությունն աշխարհում։ Սա նաև կարևոր քայլ էր Հայաստանի համար․ միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացավ ոչ թե որպես սովորական մասնակից, այլ որպես նորարարական դպրոցի կրող երկիր.
«Այս մրցաշարը ինձ համար հարթակ էր ոչ միայն մասնագիտական փորձի փոխանակման, այլև Հայաստանի անունը արժանապատվորեն ներկայացնելու համար։ Մենք կարող ենք և պետք է աշխարհին ցույց տանք, որ Հայաստանում ձևավորված են առողջ ապրելակերպի և վերականգնման բարձրագույն արժեքներ»,- «Ազգ» թերթի հետ զրույցում նշեց Արման Մանուկյանը։
Նա տարիներ շարունակ ձևավորել է մերսման և վերականգնողական թերապիայի նոր ստանդարտներ Հայաստանում։ Նրա հեղինակությունը միայն մասնագիտական ոլորտում չէ․ նրա նախաձեռնություններն ու նախագծերը նպաստել են առողջ ապրելակերպի մշակույթի տարածմանը, իսկ միջազգային կապերը հիմք են դարձել համագործակցությունների, կրթական ծրագրերի և մասնագիտական վերապատրաստումների համար։
Այսօր արդեն կարելի է վստահ ասել, որ Արման Մանուկյանը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի առաջին անունն է մարզաառողջարարական ոլորտում։ Նրա ձեռքբերումները ծառայում են ոչ միայն անհատների առողջությանն ու բարեկեցությանը, այլև Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդմանը։