Մենք ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ՝ հասցնելով այն նախ 1, ապա 3 մլրդ դոլարի։ Ըստ էության՝ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք 1 միլիարդի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք հաջորդ թիրախին հասնելու ուղղությամբ։ Այս իմաստով ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ուժի մեջ մտած ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռնում երկու երկրների գործարարների համար։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի և Իրանի միջև առկա ենթակառուցվածքային մի շարք ծրագրեր արդեն իսկ թևակոխել են գործնական փուլ, և դրանք ռազմավարական կարևորություն ունեն։ Ռազմավարական նշանակություն ունեցող այդ ծրագրերից է Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը։ Համոզված եմ, որ 32 կմ ճանապարհը շահագործման կհանձնվի սահմանված ժամանակահատվածում, և իմ գործընկերոջ հետ առիթ կունենանք նշելու մեր պետությունների հերթական հաջողությունը։
Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել ՀՀ-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ։
Էներգետիկ ոլորտի ընթացիկ կարևորագույն նախագիծը ՀՀ-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծն է։ Ունենք հստակ փոխըմբռնում, որ նախագիծը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվի։ Երրորդ գծի շահագործման շնորհիվ Հայաստանը կկարողանա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել ԻԻՀ։
Հայաստանը չափազանց կարևորում է Իրանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները»,- ասաց Փաշինյանը։