Ուժեղանալ, պայքարել մինչև վերջ ու լինել թիմային. Դավիթբեկյան խաղերից իր հետ տանում է 14-ամյա Սերգեյ Թումանյանը: Սերգեյը Տավուշի մարզի Իջևան քաղաքից է, «Դավիթբեկյան խաղեր 2025»-ին մասնակցում էր «ՈՄԱ Աչաջուր» թիմից։
«Այս մեկ շաբաթում նաև Սյունիքին ծանոթացա, իրականում հասկացա, որ մենք մեր հայրենիքը չենք ճանաչում։ Ես Հայաստանի հյուսիսային սահմանից եմ ու չէի պատկերացնում, որ հարավային հատվածը՝ Սյունիքը, այսքան սիրուն է։ Մեր բնությանը նման է, բայց ժայռերն ավելի շատ են։ Այստեղ է նաև Նժդեհի Խուստուփը», – ասաց Սերգեյ Թումանյանը։
Պատանի Սերգեյի թիմը եզրափակիչ չանցավ, սակայն վստահեցրեց՝ չի վհատվում, մտադիր է ավելի ուժեղանալ ու արդեն հաջորդ տարի կրկին մտնել պայքարի մեջ իր թիմով։ Բայց արդեն հաղթելու ախորժակը մեծ է։ «Դավիթբեկյան խաղեր»-ի ծրագրերի ղեկավար Ալինա Գևորգյանի կարծիքով՝ Սերգեյը խաղերից վերցրել է այն, ինչը հենց խաղերի հիմքում է։
«Մեր նպատակներից է նաև դառնալ հարթակ, որ Սյունիքը ճանաչի Տավուշի երիտասարդներին, Տավուշը՝ Արագածոտնի, Լոռին՝ Արարատի, և այդպես շարունակ։ Այս տարի աննախադեպ մասնակցություն ունենք՝ 18 թիմ՝ Հայաստանի տարբեր մարզերից։ Այս անգամ առաջին անգամ ունենք նաև ներկայացուցիչ Սփյուռքից։ Մեր բոլոր մասնակիցները դառնում են պետության կերտող։ Խոսքի փոխարեն ուզում ենք գործել ու դառնալ ուժեղ և կայուն պետության կայացման մասնիկ։ Իսկ հզոր պետության հիմքում առողջ ու գիտակից սերունդն է, որն ուժեղ է մարմնով, հոգով և մտքով, ճանաչում է իր հայրենիքը և գիտակցում՝ միասնականության մեջ է մեր այսօրվա ու վաղվա հաղթանակը», – ասաց Ալինա Գևորգյանը։
«Դավիթբեկյան խաղեր 2025». արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանի դարպաս Սյունիքն ընդունում է տարբեր մարզերի 14–17 տարեկան պատանիներին։ «Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատման շրջանակում միավորվում են հայրենասիրությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը, մշակույթն ու մարտական ոգին։ Մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից, ներկայացնում են կրթական հաստատություններ, ռազմահայրենասիրական և հասարակական կազմակերպություններ։ 14–17 տարեկան պատանիներն ու աղջիկները մրցում են սպորտային, ռազմամարզական և մշակութային ոլորտներում։
Դավիթբեկյան խաղերի մասնակիցները հիշեցին, որ առաջին տարին՝ 2022-ին, ընդամենը 8 թիմ էր մասնակցում, իսկ այսօր՝ 18։ Գագիկ Թորոսյանն այսօր մարզիչ է, իսկ նախորդ 3 տարիներին եղել է Դավիթբեկյանի մասնակիցներից։
«Իմ թիմը առաջատարներից է ու մեծ արդյունքներ ունի, բայց պատասխանատվությունս ավելի մեծ է։ Մարզվել, պարել, վերհիշել հայոց պատմությունը, սովորել և սովորեցնել՝ այս ամենը մեկ տեղում է», – նշեց Գագիկ Թորոսյանը։
Մոսկվայից խաղերի համար եկել էր «Գամփռ» թիմը։ Մարզիչն Աշոտ Թևոսյանն է, որը վստահեցրեց՝ հաջորդ տարի մտադիր են մասնակցել արդեն երեք թիմով։
«Մենք առաջին անգամ ենք մասնակցում, ու առաջին անգամվա համար բավականին գոհ եմ արդյունքներից։ Կարևոր է, որ միասնական լինենք, ընտանիքի պես լինենք։ Եթե այսպես լինենք, ապա բոլոր փորձությունները հաղթահարելի են», – նշեց Թևոսյանը։
2025-ին Դավիթբեկյան խաղերն առաջին անգամ անցկացվեցին երկու փուլով։ Առաջին փուլերի ուժեղագույն երեք թիմերը մրցեցին եզրափակչում, որը հիմա ընթանում է։






