Ինչպես նշել էի սրանից առաջ, անհրաժեշտ է, որ Հայաստանը տարբերակներ որոնի Չինաստանի հետ համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ, օգտագործելով այնպիսի հարթակներ, ինչպիսիք են ԲՐԻՔՍ-ը (BRICS), Շանհայի համագործակցության կազմակերպությունը (SCO) եւ «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնությունը (BRI): Տարածաշրջանային մյուս դերակատարների շարքում թվում է, թե Հայաստանը միակ երկիրն է (հավանաբար Վրաստանից բացի), որ դեռեւս ջանքեր չի օգտագործել այդ ուղղությամբ:
Որոշ փոփոխություններ անշուշտ կատարվել են: Վերջերս Չինաստան կատարած իր այցելության ընթացքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Չինաստանի Գլոբալ Հեռուստատեսային Ցանցին» (CGTN) տված հարցազրույցում անդրադարձել է Չինաստանի հետ համագործակցությունը խորացնելու հարցերին: Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը մեծապես համահունչ է BRI-ի տեսլականի հետ, որը նպատակ ունի բարելավելու կապը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել իր մասնակցությունը SCO-ի գործունեության հետ: Ներկայիս Հայաստանը այդ կազմակերպության «երկխոսության գործընկեր» (Dialogue Partner) կարգավիճակում է, որ ձեռք է բերվել 2016-ին: 2025-ի հուլիսի 16-ի իր մամլո ասուլիսում Փաշինյանը խոսել է ոչ միայն ընդլայնված համագործակցության, այլեւ այդ կազմակերպության լիիրավ անդամ դառնալու Հայաստանի մտադրության մասին:
Տարածաշրջանի մյուս դերակատարները ավելի վաղ են հետաքրքրություն ցուցաբերել խորացնելու հարաբերությունները այդ կառույցի հետ եւ արդեն իսկ որոշակի նախադրյալներ հաստատել` նպատակ ունենալով Հարավային Կովկասում նվազեցնել արեւմտյան աշխարհաքաղաքական ներթափանցումը եւ դրա փոխարեն ներգրավել Չինաստանին որպես նոր դերակատարի:
Թուրքիան «երկխոսության գործընկեր» կարգավիճակին արժանացել է 2012-ին, բայց նաեւ պաշտոնական դիմում է ներկայացրել միանալու ԲՐԻՔՍ-ին 2024-ին Ռուսաստանում կայացած այդ կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում, որը, սակայն, դրական պատասխան չի ստացել, քանի որ Հնդկաստանը դեմ է եղել դրան: Էրդողանը, որպես տարածաշրջանի ակտիվ դերակատարներից մեկը, երկար ժամանակ ձգտել է անդամակցել ԲՐԻՔՍ-ին, բայց երբ Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան եւ ԱՄԷ-ն դարձան անդամներ 2024-ի հունվարին, Թուրքիան շտապեց պաշտոնական հայց ներկայացնել: Մյուս կողմից Թուրքիան նաեւ BRI-ին է միացել 2015-ին, Չինաստանի նախագահի հայտարարությունից երկու տարի անց: 2022-ի ամառային շրջանի տվյալներով Թուրքիան 4 միլիարդ դոլարի ներդրում է ապահովել BRI-ից, ինչը չնչին գումար է համարվում չինական կողմի համար` հասնելով ընդամենը 1.3 տոկոսի: Բայց նման մեծ նախագծերում ներգրավվածություն ունենալը թուրքական կառավարական շրջանակների համար արդեն իսկ մեծ ձեռքբերում է:
Իրանը լիիրավ անդամ է ինչպես ԲՐԻՔՍ-ի, այնպես էլ SCO-ի, որին անդամագրվել է 2021-ին, տասնեւհինգ տարի որպես դիտորդի կարգավիճակում լինելուց հետո: ԲՐԻՔՍ-ի նրա անդամակցությունը համեմատաբար նոր է, սկսած 2024-ի հունվարի 1-ից: Իրանի կառավարական շրջանակները այդ ձեռքբերումը համարում են «Իրանի արտաքին քաղաքականության ռազմավարական հաղթանակը»:
Մ. Նահանգների հետ լարված հարաբերությունների ենթատեքստում Իրանն ու Չինաստանը 2021-ի մարտի 27-ին 25 տարվա համագործակցության պայմանագիր ստորագրեցին, որը 400-ից 600 միլիարդ դոլարի չինական ներդրումներ էր բերելու իրանական տնտեսությանը: Նախատեսված ծրագրերի մեծ մասը համահունչ էր չինական BRI-ի տեսլականին:
Ռուսաստանը հիմնադիր անդամ է ե՛ւ BRICS-ի, SCO-ի: Բացի դրանցից, Ռուսաստանն ու Չինաստանը երկար ժամանակ է ինչ համագործակցում են ամենատարբեր ոլորտներում` շրջանցելով Արեւմուտքի եւ նրա ազդեցությունների սահմանափակումները, որոնք էլ կարծես խթան են հանդիսանում երկու երկրների համար առավել սերտացնելու իրենց հարաբերությունները բոլորովին նոր բնագավառներում: Առեւտրաշրջանառությունը երկու պետությունների միջեւ 2024-ին հասել էր ռեկորդային 244.8 միլիարդ դոլարի: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-րդ տարեդարձի առթիվ 2024-ին Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ հայտարարություն հրապարակեցին «խորացնելու ռազմական փոխադարձ ներգործությունը» հանուն հարաբերությունների համակողմանի զարգացմանը: Ռուսաստանն ու Չինաստանը նաեւ պայմանավորվեցին BRI-ի աշխատանքները համահունչ դարձնել ռուսական մեծամասշտաբ «Եվրասիական համագործակցության» աշխատանքների հետ:
Ադրբեջանը SCO-ի «երկխոսության գործընկեր» կարգավիճակին արժանացավ 2016-ին համապատասխան հուշագիր ստորագրելով: 2024-ին Ադրբեջանն ու Չինաստանը ստորագրեցին մի պայմանագիր, որով հաստատվում էր ռազմավարական գործընկերություն երկու երկրներ միջեւ, եւ Ադրբեջանը ցանկություն արտահայտեց միանալու BRICS-ին: Ադրբեջանը նաեւ ակտիվորեն փորձում է համագործակցել Չինաստանի հետ BRI-ի հարթակով:
Վրաստանը նույնպես ռազմավարական գործընկերության համատեղ հայտարարագիր է կնքել Չինաստանի հետ 2023-ին` Ադրբեջանից մեկ տարի առաջ, երբ այդ երկրի վարչապետը Չինաստան էր այցելել: Սակայն Վրաստանը մեծ հետաքրքրվածություն չի ցուցաբերել ցարդ միանալու BRICS-ին եւ որոշակի կարգավիճակ չունի SCO-ում: Ինչ վերաբերում է BRI-ին, Վրաստանը հետապնդում է այդ հարթակով ձեռք բերել չինական ներդրումներ: Չինական արդյունաբերական մասնավոր ձեռնարկություններ արդեն իսկ ներդրումներ կատարել են Թբիլիսիում եւ Քութաիսիում: BRI-ով նախատեսված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին գործարկվում է 2017 թվից: 2017-ին Վրաստանը առաջին հետխորհրդային պետությունն էր, որ ազատ առեւտրի պայմանագիր կնքեց Չինաստանի հետ: Վրաստանն ու Ադրբեջանը անդամակցում են Չինաստանի կողմից կառավարվող «Ասիական ենթակառուցվածքների ներդրման բանկին» (AIIB):
Ամփոփելով նշենք, որ Հայաստանի բոլոր հարեւանները, բացառությամբ Վրաստանի, հետաքրքրված են BRICS-ով եւ դրա հետ կապված մյուս հարթակներով եւ ցանկանում են խորացնել համագործակցությունը` այդ կառույցի հետ դառնալով նրա անդամները: Հակառակ հայկական կողմի հավաստիացումներին եւ հայտարարություններին, կարծում եմ` խելամիտ կլինի սպասել եւ հետեւել հետագա զարգացումներին: Հայաստանը բազմիցս հակված է եղել բավականին արագ փոխելու իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, եւ բացառված չէ, որ այս անգամ էլ նույնը տեղի ունենա: Ներկայիս մենք առաջնորդվում ենք սոսկ հանրային հայտարարություններով: Ոչ մի պաշտոնական քայլ չի ձեռնարկվել:
Եթե Հայաստանը շարունակի հեռու պահել իրեն Չինաստանի «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնությունից, ապա դա նշանակալի ազդեցություն կունենա երկրի տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացի վրա: Ավելին, եթե Վրաստանը հետագայում ավելի ամրապնդի քաղաքական իր կապերը Չինաստանի հետ, ապա Հայաստանը կարող է դառնալ քաղաքականապես ամենամեկուսացված պետությունը տարածաշրջանում: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ Հայաստանը ոչ միայն BRI-ին անդամակցելու կոչեր հնչեցնի, այլ կոնկրետ եւ գործնական քայլեր կատարի այդ ուղղությամբ:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)





