Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Այն, ինչ նկարահանում է Կուստուրիցան, Դմիտրի Կեսայանցը նկարահանել էր տասնամյակներ առաջ

Այսօր ներկայացնում եմ մի կինոռեժիսորի, որը նկարահանման հրապարակում «դժվարամարս» մարդու անուն էր վաստակել: Եվ եթե ճշմարիտ լինեմ, գուցե հենց այդ պատճառով էլ  որոշ կոլեգաներ, քննադատներ, մեղմ ասած, այնքան էլ բարյացակամ չէին նրա նկատմամբ:

«Ֆիլմ»  թերթի խմբագրությունում ինչքան որ հանդիպել ենք, միշտ եղել է լռակյաց, ինքնանփոփ, առանց իր կատարածը թմբկահարելու, իսկ 90-ականների վերջին հանդիպմանը շատ էր մտահոգ ՝ ֆինանսականի պատճառով ֆիլմն անավարտ Էր մնացել …

Որքան բարդ էր նկարահանման հրապարակում,  նա նույնքան էլ ազնիվ ու տաղանդավոր էր էկրանին…

Այդ ռեժիսորը Դմիտրի Կեսայանցն է…

1962 թվականին Հովհ. Թումանյանի «Տերն ու ծառան» գործի հիման վրա Կեսայանցը նկարահանել է համանուն կարճամետրաժը:

Եվ միանգամից շռնդալի մուտք: Դերասաններ՝ Թաթիկ Սարյան-Մաթոս,  Ֆրունզիկ Մկրտչյան-Սիմոն, Սոս Սարգսյան-Մանաս,  ստեղծեցին այնպիսի հրաշալի կերպարներ, որ մինչև այսօր դիտվում է չթուլացող հետաքրքրությամբ:

Չնայած ռեժիսորի երկրորդ ՝ «Ավդոյի ավտոմեքենան» / 1966 թ. / ժամանակին հանիրավի աղճատվեց՝ նախատեսված լիամետրաժից վերածվելով կարճամետրաժի, այդուհանդերձ այն հայկական կինոյի լավագույն ֆիլմերից մեկն է:

Թող վերամբարձ չհնչի, եթե ասեմ՝ այն, ինչ նկարահանում է մեր ժամանակների մեծագույն կինոռեժիսորներից մեկը՝ Կուստուրիցան, մատուցման ու կինոոճի տեսանկյունից Դմիտրի Կեսայանցը նկարահանել էր տասնամյակներ առաջ: Պարզապես հարկավոր է մեկ անգամ ևս դիտել «Ավդոյի ավտոմեքենան»,  «Մեր պապերի քայլերգը» և Կեսայանցի որոշ ֆիլմեր:

«Մարդն Օլիմպոսից» / 1974 թ. / , «Զինվորն ու փիղը»  / 1974 թ. / , «Մեր պապերի քայլերգը» / 1980 թ./ «Հրդեհ» /1983 թ./ «Անիծվածները »/1991 թ. /  նրա նկարահանած մյուս ֆիլմերը Կեսայանց ռեժիսորի փոթորկվող ներաշխարհի արգասիքն են…

Կինոգետ Ռոբերտ Մաթոսյան