Իշխանության հարց չէ այստեղ, և վարչապետը շատ հստակ պատասխաններ է տվել։ Ավել մեկնաբանություն չունեմ։ Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ մասնակցություն է իշխանությունն ունենալու Հայ Առաքելական եկեղեցու կանոնակարգի փոփոխության գործընթացին։
Իսկ ինչո՞ւ է Փաշինյանն առհասարակ նման նախաձեռնություն իրականացնում, հետաքրքրվեցին լրագրողները։
«Իսկ ինչո՞ւ չնախաձեռնի։ Կա արդյոք կաշկանդող բան. չէ։ Սա լիազորությունների հարց չէ, և ասուլիսի ժամանակ վարչապետը ներկայացրել է իր թեզերը։ Այո՛, իհարկե, եկեղեցին և պետությունն անջատ են, և վարչապետն էլ հանդիսանում է ՀԱԵ հետևորդ և ունի բոլոր իրավունքները և հնարավորությունները՝ արտահայտելու իր կարծիքը, նախաձեռնելու այն, ինչ նախաձեռնել է»,- ասաց նախարարը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի և իշխանության մյուս ներկայացուցիչների հետ գնալո՞ւ է Էջմիածին՝ ազատելու Վեհարանը, Ավանեսյանը պատասխանեց՝ կմտածի և կասի։
Դիտարկմանը, որ Վեհարանն ազատելու նախաձեռնությամբ Փաշինյանն օգտագործում է իր լծակները, առողջապահության նախարարն արձագանքեց՝ որևէ լծակ չի օգտագործվում։