Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ապօրինի բռնաճնշումներով փորձում է լռեցնել ՀՅԴ-ին. չի ստացվելու. ո՛չ հիմա, ո՛չ երբեք. Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի գործող ապազգային իշխանությունը, կորցնելով հասարակական վստահությունը, անցել է քաղաքական հաշվեհարդարի բացահայտ ուղուն։ Խախտելով Սահմանադրությամբ ամրագրված ազատության ու իրավունքների հիմքերը՝ իշխանական վարչակազմը ապօրինի բռնաճնշումներով փորձում է լռեցնել ՀՅԴ-ին, որի պայքարն այսօր ավելի արդիական է, քան երբևէ։

Մենք տեսնում ենք, թե ինչպես է պետությունը վերածվում անձնական վրեժխնդրության գործիքի՝ ընդդեմ այն ուժերի, որոնք կանգնած են ժողովրդի կողքին՝ ի պաշտպանություն ինքնիշխանության, ազգային անվտանգության ու արժանապատվության։

Դաշնակցականների հակաօրինական ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները և քարոզչական կեղտոտ արշավները ոչ թե վախեցնելու են մեզ, այլ՝ ավելի են ամրապնդում մեր վճռականությունը։

ՀՅԴ-ն իր գոյության 135 տարիների ընթացքում անցել է ամեն ինչի միջով՝

բռնապետություններ, աքսորներ, արգելումներ, ձեռբակալություններ:

Բայց երբեք չի վախեցել և նահանջել:

Որովհետև Դաշնակցությունը գաղափար է….

Դաշնակցությունը պետականության, ինքնիշխանության և ազգային ինքնության պահպանման վճռական կամքն է՝ իր կազմակերպված և գիտակցված դեմքով։

ՀՅԴ-ն երբեք չի լռել՝ ո՛չ ցարիզմի ժամանակ, ո՛չ օսմանյան բռնապետության և ո՛չ էլ խորհրդային բռնաճնշումների օրոք։ 

Պատմությունը միշտ մի ճշմարտություն է հիշում՝

նրանք, ովքեր կռիվ են տվել ազգային գաղափարի համար, ապրում են։

Իսկ նրանք, ովքեր փորձել են սպանել այդ գաղափարը՝ նետվել են պատմության աղբանոցը:

Մեր պայքարը շարունակվելու է՝ հանուն Ազատության, Արդարության, Հայաստանի ազգային և հոգևոր ապագայի։

ՀՅԴ-ին լռեցնել չի ստացվելու։ Ո՛չ հիմա, ո՛չ երբեք»: