Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ՌԴ տրանսպորտի նախարարին գտել են իր մեքենայի մեջ ինքնասպան եղած. Պուտինը նրան երեկ էր ազատել պաշտոնից

ՌԴ տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտը ինքնասպան է եղել Օդինցովոյում՝ իր անձնական մեքենայում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն. գրում է ՏԱՍՍ-ը։

Պետրենկոն հայտնել է, որ նախկին նախարարի մարմինը՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է Օդինցովո քաղաքային շրջանում գտնվող մեքենայում։

«Դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչության քննչական մարմինները՝ պարզելու միջադեպի հանգամանքները», – ասաց նա։ 

Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է, որ տեղի ունեցածի հիմնական վարկածը ինքնասպանությունն է։

Ստարովոյտը պաշտոնից ազատվել է  նախագահ  Պուտինի հրամանագրով, հուլիսի 7-ի առավոտյան։

Պետության ղեկավարի որոշման պատճառը փաստաթղթում նշված չէր։ Ստարովոյտը տրանսպորտի նախարարությունը ղեկավարում էր 2024 թվականի մայիսից։