Կիրակի, 26 Հուլիս, 2026

 Մոսկվայի կրավորական կեցվածքը Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում

Իրան-Իսրայել պատերազմից հետո Թեհրանը հնարավորություն ստացավ, Իսրայելի ագրեսիայի նկատմամբ դիրքորոշում արտահայտած երկրների վարքագիծը վերլուծելով՝ վերաիմաստավորել իր երկկողմ հարաբերությունները:

Տարբեր երկրների նկատմամբ իր գնահատականները ճշգրտելիս՝ Թեհրանը ելակետ էր ընդունել այն մոտեցումը, որ Իսրայելին աջակցող կամ Իրանի վրա նրա հարձակումը արդարացնող երկրներն այս հանցագործության մեղսակիցը պետք է ճանաչվեն:

Թեհրանին առավելապես հետաքրքրում էր իր ռազմավարական գործընկերների առանձնահատուկ վերաբերմունքն ու վճռական քայլերը: Իսկ ռազմավարական գործընկերների շարքում Իրանը պատվավոր տեղ է հատկացնում Ռուսաստանին, որի հետ այս տարվա հունվարին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ էր ստորագրվել:

Սակայն պատերազմի ողջ ընթացքում այս նորաստեղծ ռազմավարական դաշնակցությունն իրավիճակին համապատասխան վերաբերմունք չդրսեւորեց:

Իրանը համոզված էր, որ ԱՄՆ-ի ուղղակի մասնակցությունը ռազմական գործողություններին կմտահոգի Մոսկվային, քանի որ դրան անխուսափելիորեն պիտի հետեւեր եվրոպական երկրների դիրքավորումը հակաիրանական ճամբարում: Իսկ դա կնշանակեր Իրանի դեմ ՆԱՏՕ-ի պատերազմ, ինչը չէր կարող անտարբեր թողնել Ռուսաստանին:

Թեհրանը հույսեր էր փայփայում, որ Մոսկվան այդ առճակատմանը լուրջ կվերաբերվի եւ այն կդիտարկի որպես իր ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք:

Պատերազմի թեժ օրերին՝ հունիսի 23-ին, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն Իրանի դեմ ագրեսիան ընդամենը անվանել է «արդարացում չունեցող եւ հիմնավորումից զուրկ պատերազմ» եւ հայտարարել Իրանի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: Սակայն ՌԴ նախագահը ռազմական օգնություն ցուցաբերելու մասին որեւէ ակնարկ չի արել: Ռազմական աջակցության փոխարեն Պուտինն առաջարկել էր խորհրդակցություններ անցկացնել իրավիճակը հարթելու նպատակով:

Սակայն այս ընթացքում Մոսկվան բավարարվեց միայն քաղաքական հայտարարություններով: Դրանից ելնելով էլ Թեհրանն իր համար պարզեց այն ակներեւ իրողությունը, որ վճռական պահերին գործընկերությունը հիմնված է ո՛չ թե պարտավորությունների, այլ կողմերի փոփոխական շահերի վրա:

Վերջերս կնքված Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, չնայած պայմաններ էր ապահովում հետախուզական համագործակցության համար եւ արգելում էր կողմերին օգնել միմյանց թշնամիներին, սակայն որեւէ կոլեկտիվ պաշտպանության դրույթ չէր ներառում: Այս պատճառով, նույնիսկ երբ Թեհրանը դիմեց փոխադարձ աջակցության կամ ԱՄՆ հարձակումներին արձագանքելու խնդրանքով, Ռուսաստանը հրաժարվեց որեւէ գործնական քայլ ձեռնարկել:

Այն հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի արձագանքել Թեհրանի ամիսներ շարունակ արված խնդրանքներին եւ հրաժարվել է Իրանին տրամադրել ռադարային ու պաշտպանական սարքավորումներ, Պուտինը պատասխանել է.

«Մոտ երկու միլիոն իսրայելցիներ ծնվել են նախկին Խորհրդային Միությունում եւ Ռուսաստանում: Այսինքն՝ այսօր Իսրայելը գրեթե ռուսախոս երկիր է: Իհարկե, ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ հաշվի ենք առնում այս փաստը եւ չենք վտանգում մեր ժողովրդի շահերը»:

Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հնչեցրած հայտարարության մեջ նաեւ փորձել է պարզաբանել Մոսկվայի կողմից Թեհրանին չաջակցելու հանգամանքները՝ պատճառաբանելով, որ, չնայած ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներին, Ռուսաստանը ձգտում է չեզոքություն պահպանել:

Ճակատագրական պահերին Ռուսաստանի սառը վերաբերմունքի արժանացած դաշնակցային կապեր ունեցող երկրների շարքում Իրանը միայնակ չէ: Ռուսաստանի վաղեմի բարեկամ եւ դաշնակից Սիրիան նույնպես համալրում է այդ շարքը: Հիշենք, որ Պուտինը բավարար համարեց միայն իշխանությունից զրկված Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին եւ նրա ընտանիքին ապաստան տրամադրել:

44-օրյա պատերազմին եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցող Հայաստանին նույնպես Ռուսաստանը հրաժարվեց ռազմական օգնություն ցուցաբերել:

Բացառել չի կարելի, որ Մոսկվան Հայաստանի դեպքում նույնպես առաջնորդվել է ադրբեջանաբնակ ռուսախոսների՝ Հայաստանի համեմատությամբ գերակշռող թվաքանակով: Սակայն այն ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների չճշգրտված լինելու հիմնազուրկ պատճառաբանությունը:

Ռուսաստանն  Իրանի եւ Իսրայելի առճակատմանը չմիջամտելու այլ դրդապատճառներ եւս ուներ

– Ինչպես վերը նշվեց, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը փոխադարձ պաշտպանության դրույթ չի նախատեսում: Չնայած այն ենթադրում է պաշտպանական համագործակցության ընդլայնում, կողմերից ոչ մեկը պարտավորված չէ ռազմական աջակցություն ցուցաբերել հարձակման դեպքում:

– Ուկրաինական ճգնաժամի եւ սահմանափակ ռեսուրսների պատճառով Ռուսաստանը, նույնիսկ ցանկության դեպքում  չէր կարող Իրանին ռազմական օգնություն ցուցաբերել:

– Մոսկվան չէր ցանկանա վտանգել Վաշինգտոնի հետ բարելավված հարաբերությունները: Իրանին ցանկացած աջակցություն կարող էր խափանել Թրամփի վարչակազմի հետ հաշտեցման գործընթացը:

– Եվ վերջապես՝ Մոսկվայի համար Իրան-Իսրայել հակամարտությունը միջազգային հանրության ուշադրությունը Ուկրաինայի պատերազմից շեղելու լավագույն միջոցներից էր:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ