Մասնավորին «նշանակում ես» քանդածիդ մեղավոր ու «ազգայնացման» անվան տակ խլում ես ու ընդհանուր մորթված համակարգը հեշտ ուղորդում քեզ ցանկալի ուղղությամբ

Քայլ առ քայլ
Սկզբում փակում ես էներգետիկայի նախարարությունն ու անունը դնում ես, որ չես փակել՝ միավորել ես տարածքային կառավարման նախարարության հետ և հատուկ համակարգող տեղակալի պաշտոն ունես:
Հետո, նույն օրն աշխատանքից ազատում ես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին ու էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
Հետո մասնավորին ասում ես, որ եթե հանրային դաշտում բոլոր պրոբլեմները վերցնի իր վրա՝ պրոբլեմ չի ունենա ու շարունակում ես քանդել համակարգը:
Հետո նույն մասնավորին «նշանակում ես» քանդածիդ մեղավոր ու «ազգայնացման» անվան տակ խլում ես ու ընդհանուր մորթված համակարգը հեշտ ուղորդում քեզ ցանկալի ուղղությամբ:
Փուլ առ փուլ արվել է, ու հիմա էլ քաղաքականության անվան տակ փաթեթավորվում է պլանը:
Գտեք մի քանի էներգետիկի ու հարցրեք. էներգետիկ սուվերենության հարցում ՀԷՑ-ը քանի՞ տոկոս մասնաբաժին ունի:
Ամեն ինչ լսել էինք, կախյալ ինքնիշխան չէինք լսել:
Լրիվ սերիալի վերնագիր է՝ դժբախտ երջանկություն, ազգային ապազգային ուժ, ինքնիշխան կախյալները. ցանկը կարող եք շարունակել:
Հ.Գ.
Մոռացա ասեմ, ՀԷՑ-ը արհմիություն չունի՞, թե ՀԷՑ արհմիությունն էլ չգիտի, որ իր գործն աշխատողների իրավունքների պաշտպանությունն է, ու ոչ թե պսակի փող տալն ու մարտի 8-ին ծաղիկ առնելը: Իսկ այդ նույն աշխատողների իրավունքները ենթադրում են, որ ոչ մեկ չի կարող ըստ ցանկության նրանց ազատել աշխատանքից:
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյան
