Միջանձնային հարցեր են եղել, ավել բան չեմ կարող ասել, չեմ կարող նաև պնդել, որ ծեծ տեղի ունեցել է, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով փաստին, որ օրերս կալանավորվեց Շեգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, որը, ըստ տեղեկությունների, թաղապետարանում ծեծի էր ենթարկել Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ, ՔՊ-ական Տիգրան Մակարյանին։
Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ուղիղ եթերում ծեծեց քաղաքացուն, բայց չկալանավորվեց, իսկ Շենգավիթի թաղապետը կալանավորվեց, թեև այս դեպքում դա ոչ ոք չի տեսել, փոխքաղաքապետը պատասխանեց.
«Քրեական գործ կա հարուցված։ Վստահ եմ, որ իրավապահ մարմինները կարող են առանձին մոտենալ դեպքերին, և մի դեպքում որոշում կայացվի, որ պետք է գնալ կալանքի, մյուս դեպքում չգնալ։
Իմ աչքով նայելը մեկ հարց է, իրավական գնահատականը մեկ այլ հարց է։ Քանի դեռ դատարանով չկա դատավճիռ, մեղքը ապացուցած չէ, այսինքն՝ ներկա պահին բոլորը, այդ թվում՝ Ռազմիկ Մկրտչյանը, անմեղ են։
Աշխարհն առհասարակ անարդար է։ Մեր իշխանությունը փորձում է ապահովել արդարություն և արդարադատություն»։