Տավուշի թեմի Թեմական պատգամավորական ժողովը հայտարարություն է տարածել գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացների մասին.
«Ամենայն խստությամբ դատապարտում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթներով ապրող և արարող յուրաքանչյուր անհատի նկատմամբ իշխանությունների և իրավապահ մարմինների կողմից նախաձեռնվող ցանկացած հետապնդում։ Դրանք հատկապես մտահոգիչ են, երբ հաջորդում են մեր Սուրբ Եկեղեցու պատմական դերի ընդգծմանն ուղղված հրապարակային աջակցության դրսևորումներին։
Անհանդուրժելի և մերժելի են նմանօրինակ ուղղորդված քայլերն այն անձանց դեմ, ովքեր իրենց հավատքով, գործերով և նվիրվածությամբ խորապես կապված են մեր ժողովրդի, Եկեղեցու և հայրենիքի հետ։ Այդպիսի օրինակ է նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանը, ում երկարամյա ծառայությունն ինքնին մարմնացումն է մեր ազգային և հոգևոր ինքնության հանդեպ հավատարմության և նվիրումի։
Իշխանությունների՝ այս բնույթի գործողությունները ոչ միայն լրջագույն սպառնալիք են խոսքի և դավանանքի ազատության հիմնարար իրավունքներին, այլև նպատակ ունեն ստեղծելու վախի մթնոլորտ, դառնալու ի սկզբանե ձախողման դատապարտված մի փորձ՝ լռեցնելու նրանց, ովքեր շարունակում են անսասանորեն կանգնել մեր ազգային ինքնության, հոգևոր արժեքների և պատմական ժառանգության պահպանության դիրքերում։
Մնանք միահամուռ՝ հավատքի, ազգային արժանապատվության և հոգևոր ինքնության շուրջ»: