Կիրակի, 26 Հուլիս, 2026

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

Իրան-ԱՄՆ բանակցությունների հերթական փուլի նախօրեին ԻԻՀ անվտանգության  նախարար Իսմայիլ Խաթիբը հանդես եկավ ցնցող հայտարարությամբ ու  տեղեկացրեց, որ Իրանը  ձեռք է բերել Իսրայելին վերաբերող  դասակարգված գաղտնի փաստաթղթերի հսկայածավալ հավաքածու եւ պատրաստվում է մոտ ապագայում  հրապարակել դրանք:

Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ փաստաթղթերը Իսրայելի միջուկային օբյեկտների, արտաքին հարաբերությունների եւ պաշտպանական կարողությունների մասին   մանրամասներ են պարունակում: 

Գաղտնի փաստաթղթերի հայտնաբերման մասին իրանական մամուլի վկայաբերած աղբյուրների համաձայն,  Ատոմային էներգիայի միջազգային գործակալութունը (ՄԱԳԱՏԷ) համագործակցել է  Իսրայելի հետ:

Ըստ իրանական մամուլի, իրազեկ աղբյուրները տեղեկացնում  են, որ   հայտնաբերված  փաստաթղթերը հստակ ցույց են տալիս, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութունը, չեզոքության դիրքերից հանդես գալու փոխարեն,   Իսրայելին ծառայելու գործիքի է վերածվել:  

Ըստ «Ալ Մայադին» հեռուստաալիքի, Իրանի հետախուզական ծառայությունը կարողացել է ձեռք բերել կարեւոր  եւ ռազմավարական նշանակության տեղեկատվության մեծ արխիվ, որը ներառում է Իսրայելի միջուկային օբյեկտներին եւ դրանց հետ կապված ծրագրերին վերաբերող նյութեր:

Իսրայելի 12-րդ ալիքի տվյալներով՝ Իրանն իր քայլը որակել է որպես «ցավոտ հարված» Իսրայելին,  ընդգծելով, որ հափշտակված հազարավոր փաստաթղթերը կապված են Իսրայելի միջուկային օբյեկտների եւ հաստատությունների հետ:

Այս լրատվամիջոցը, հղում անելով իրանական  Tasnim  լրատվամիջոցին, հայտնել է, որ հետախուզական  գործողությունն, ըստ ամենայնի, իրականացվել է Իսրայելի երկու 25-ամյա քաղաքացիների՝ Ռոյ Միզրահիի եւ Ալմոգ Աթիասի օգնությամբ, որոնք վերջերս են ձերբակալվել Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքների, նրանք տեսախցիկներ են տեղադրել այն վայրերում, որտեղ ապրում է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցը:

Իրանական «mashreghnews» կայքի փոխանցմամբ՝  տեղեկատվական տեխնոլոգիաների  իսրայելցի  փորձագետ  Այալ Արադին  արձագանքել է այդ տեղեկատվությանն ու գրել. «Իսրայելին վերաբերող կարեւոր փաստաթղթեր հայտնաբերելու եւ  միջուկային նախագծերի մասին տեղեկություններ ձեռք բերելու  մասին Թեհրանի պնդումներն   այնքան էլ անհավանական չեն թվում»:

Իսրայելցի փորձագետը նաեւ նշել է, որ Իրանն այդ նպատակով խոշորածավալ  ներդրումներ է կատարել եւ ամեն տեղ լրտեսներ կարգել: Նա  չի բացառել, որ Իրանը համագործակցում է Կատարի հետ, քանի որ, ըստ վերջինիս՝  կատարցիները մեծ թվով գործակալներ ունեն Իսրայելում:  Փորձագետը ամոթալի է որակել  Նեթանյահուի կառավարության կործանարար գործողությունները, որոնց պատճառով, փորձագետի տեսակետով,  Իսրայելն ի վերջո ծնկի է գալու:  

Իսրայելական մամուլում այդ հայտարարության մասին հրապարակված այլ տեսակետների եւս կարելի է հանդիպել: Սակայն պաշտոնական Թել Ավիվն առայժմ չի արձագանքել ԻԻՀ անվտանգության նախարարության հայտարարությանը:

Ըստ նախարար Խաթիբի՝   Իրանի տրամադրության տակ եղած հազարավոր փաստատթղթերը փոխանցվել են «գաղտնի» ուղիներով եւ պահվում են անվտանգ վայրերում:

Իրանն առայժմ հստակ չի նշում, թե ինչպես են ձեռք բերվել այդ փաստաթղթերը, եւ արդյոք դրանք առնչություն ունեն 2023 թվականին Իսրայելի միջուկային կենտրոններից մեկի վրա իրականացված կիբերհարձակման հետ: Սակայն, իրանական աղբյուրներն  այս գործողությունը որակել  են որպես «ընդարձակ եւ բարդ տեղեկատվական արշավի» բաղկացուցիչ  մաս:
Այս համատեքստում, ըստ իրանական մամուլի, Իսրայելում վերջերս Թեհրանի օգտին  լրտեսելու մեղադրանքով տեղի են ունեցել  մի շարք ձերբակալություններ: Սակայն դրանց հետ կապի մասին պաշտոնական հայտարարություններ դեռ չկան:  Ընդամնեը կան  ենթադրություններ այն մասին, թե ինչպես է Իրանը ձեռք բերել այդ տվյալները: Միաժամանակ, Իրանի զինված ուժերին վերագրվող սոցիալական ցանցի հաշվի միջոցով հետեւյալ բովանդակությամբ եբրայերեն հաղորդագրություն է տարածվել՝  «ՄԵՆՔ ՀԻՄԱ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԲՈԼՈՐ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»:
Շվեդիայում բնակվող իրանցի վերլուծաբան Թրիթա Փարսին այս կապակցությամբ  նշել է, որ Իրանի եւ Իսրայելի միջեւ տեղեկատվական պատերազմը  վաղուց է  ընթանում,  եւ  նա չի բացառում, որ Իրանը կարող էր   Իսրայելում զգալի թվով լրտեսներ պահելու հնարավորություն ունենալ: Սակայն  այդ քանակությամբ հայտնաբերված փաստաթղթերի իսկության մասին իրանցի փորձագետը լուրջ կասկածներ ունի:  

Իրանի ու Իսրայելի միջեւ  տեղեկատվական պատերազմի պայմաններում օրերս հստակեցվել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների  հերթական փուլի անցկացման ժամկետների ու վայրի մասին:   Ըստ պայմանավորվածության, որի մասին տեղեկացրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին՝ Օմանի մայրաքաղաք Մասքաթում:

Արդյո՞ք մինչեւ բանակցությունների հերթական փուլի մեկնարկը կհրապարակվեն   Իսրայելի միջուկային գործունեության  մասին ՄԱԳԱՏԷ-ի կողմնակալ վերաբերմունքն ապացուցող փաստեր: Եվ արդյո՞ք այդ հրապարակումները կազդեն բանակցությունների ընթացքի վրա:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ